168.am -ը գրում է

Հանրապետության տարածքում բարձր ջերմաստիճանի հետևանքով գյուղատնտեսական ոլորտում որևէ էական վնաս այս պահի դրությամբ դեռևս հայտնի չէ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը նշեց, որ եղանակային այս պայմանները Հայաստանում տարվա այս ժամանակահատվածի համար սովորական է և ոչ արտառոց:

«Բարձր ջերմաստիճանը ցանկալի չէ. բույսերը «նվաղում են», բայց սա սովորական իրավիճակ է, և արտառոց ոչինչ պետք չէ տեսնել: Եթե կան դժգոհություններ, ապա դրանք կապված են, հավանաբար, ոռոգման ջրի մատակարարման հետ, որովհետև մենք ահազանգեր ունենք, որ առանձին տարածաշրջաններում և առանձին համայնքներում ջրամատակարարման հետ կապված խնդիրներ կան: Օրինակ՝ Արարատի մարզում, Վանաշեն համայնքում, Քաղցրաշենի հատվածում, Արտաշատի տարածաշրջանի Նարեկ գյուղում, Գոռավանի հատվածում տեղի իշխանությունները ջրամատակարար ընկերությունների հետ աշխատանքներ են տանում, որպեսզի այդ խնդիրը ևս կարգավորեն»,- ասաց Գառնիկ Պետրոսյանը:

Փոխնախարարը նշեց նաև, որ Հայաստանում, հատկապես Արարատյան դաշտում հուլիսն ամենաշոգ ամիսն է, և 38-40 աստիճանը սովորական է: Եղել են օրեր, երբ անցել է 41, 42 աստիճանը, բայց դա կարճ ժամանակ է տևել: Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի` 2017 թվականի ամռան ամիսների այս ժամանակահատվածում, շուրջ 40 օր բարձր ջերմաստիճանային ֆոն պահպանվեց, և առանձնապես լուրջ խնդիրներ չունեցանք: Այս կարճ ժամանակահատվածում բարձր ջերմաստիճանային ֆոնի պարագայում որևէ լուրջ, էական վնաս չի գրանցվել:

Իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ հուլիսի 7-8-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 6-7-ը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, 9-10-ը նույնքան կբարձրանա: Հուլիսի 7-8-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել