Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են երեկ՝ հունիսի 23-ին, Բագրևանդի փողոցում՝ «Դիվա» գիշերային ակումբում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի և կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և կատարողների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ հիվանդանոց են տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչ՝ 34-ամյա Հրայր Վարդանյանը և Երևանի բնակիչ՝ 27-ամյա Յուրի Փուրթոյանը։ 

Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ նրանց հետ վիճաբանել են Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Գագիկ Գալստյանը և 29-ամյա Մերուժան Դեմուրչյանը։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Գալստյանը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել քրեական հետախուզության օպերլիազորների կողմից, ում մոտ եղել է նաև հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը, որով նա ծեծկռտուքի ժամանակ կրակոցներ է արձակել, իսկ Մ. Դեմուրչյանը ոստիկանների և քննիչների կողմից կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ մեղայականով ներկայացել է քննչական բաժին։

Քննիչի որոշմամբ ատրճանակն առգրավված է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական, մատնադրոշմային, հետքաբանական, իսկ վիրավորներին էլ տրվել է դատաբժշկի ուղեգիր։

Կասկածյալ Գ. Գալստյանն ու Մ. Դեմուրչյանը ստորագրությամբ ազատ են արձակվել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել