Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել պատմամշակութային հուշարձանների պետական ցուցակների համալրման վերաբերյալ: 

«Հայաստանի Հանրապետության պատմամշակութային հուշարձանների ճակատագրով մտահոգված հարգելի քաղաքացիներ, ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ նախաձեռնում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակների համալրում նոր հուշարձաններով: Համալրումը կկատարվի փուլային տարբերակով և պարբերաբար: Խորհրդային Հայաստանի մոդեռնիստական ճարտարապետության բազմաթիվ կառույցներ բարձր են գնահատվում հայ և միջազգային մասնագետների կողմից, տպագրվում են հեղինակավոր ամսագրերում ու գրքերում, սիրված են մեր քաղաքացիների և հյուրերի կողմից, բայց քչերն են ներառված հուշարձանների պետական ցուցակում:

Բարձր գնահատելով հասարակության մասնակցության դերը՝  խնդրում ենք հայտնել Ձեր առաջարկությունները Խորհրդային Հայաստանի մոդեռնիստական ժառանգության այն քաղաքաշինական և ճարտարապետական կառույցների, մոնումենտալ արվեստի նմուշների ու կոթողների վերաբերյալ, որոնք ձեր կարծիքով արժանի են ընդգրկվել ցուցակներում և վերցնել պետության պաշտպանության տակ»:  

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել