Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում քրեական գործ է հարուցվել ԶԼՄ-ներից մեկի կոռուպցիոն ռիսկեր պարունակող հրապարակումների հիման վրա: Դրանք Շիրակի մարզի դատախազությունից մայիսի 30-ին էին ուղարկվել ոստիկանության «Կումայրու» բաժին: Նկատի ունենալով, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ և անհրաժեշտ է իրականացնել օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն՝ ՀՀ ոստիկանության «Կումայրու» բաժնում նշված դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և նախաքննություն կատարելու համար հանձնվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչությանը:

Ուսումնասիրությունների արդյունքում, առկա փաստական տվյալներով ՇՄ դատախազի հանձնարարությամբ ՀՀ ՔՕ 180, 181 հոդվածների կարգով նախապատրաստվել են նյութեր:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում 2006-ից 2009 թվականներին, ինչպես նաեւ մասնաճյուղի հենակետային վարժարանում գործել են սննդի օբյեկտներ, որոնց համար կոնկրետ անձը ամսական, կոնսերվատորիայի դեպքում 100 ԱՄՆ դոլար, վարժարանի համար 40.000 ՀՀ դրամ վճարել է կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ռեկտորին: Խոսքը 5000 ԱՄՆ դոլարի եւ մոտ 1 մլն 200.000 ՀՀ դրամի մասին է:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2012 թվականին մասնաճյուղի ուսանողներից մեկից բաժնի պետը պահանջվել է 120.000 դրամի տեսքով կաշառք՝ պետական քննություններին խնդիրներ չունենալու եւ այդ ընթացքում հյուրասիրություններ կազմակերպելու նպատակով: Պահանջված գումարից տրվել է 100.000-ը:

Ձեռք են բերվել նաեւ փաստական տվյալներ, որ 2017 թվականին նույն հաստատության բաժնի պետի կողմից ուսանողներից մեկից նույն նպատակով պահանջվել է 50.000 դրամ: Խնդիրը հնարավոր է եղել հարթել կոնսերվատորիայի նախկին աշխատակիցների միջամտությամբ:

Նախաքննության շահերից ելնելով, այս պահին հրապարակման ենթակա այլ տեղեկատվություն չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել