2018 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար  սահմանվել են  հարկման նոր չափանիշներ:  Այս փոփոխություններն Ազգային ժողովն ընդունել է դեռևս 2017 թվականի դեկտեմբերին:

Փոփոխությունների համաձայն, հուլիսի 1-ից հանրային սննդի գործունեությունը տեղափոխվելու է կամ շրջանառության հարկի, կամ ավելացված արժեքի համակարգ:

Որոշ տնտեսվարողների մոտ այս փոփոխությունները մտահոգություններ էին առաջացրել, սակայն մասնագետները պնդում են՝  փոփոխություններն ի օգուտ տնտեսվարողի է:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը հունիսի 15–ին մերժեց հանրային սննդով զբաղվող կազմակերպությունների համար հարկային ռեժիմում փոփոխություններ կատարելու մասին ԱԺ-ի ներկայացրած օրինագիծը։ Մասնավորապես, այդ նախագծով առաջարկվում էր պահպանել հանրային սննդի՝ արտոնագրային հարկով հարկման ներկայումս գործող համակարգը և հանրային սննդի գործունությունը չտեղափոխել շրջանառության հարկով կամ ավելացված արժեքի հարկով հարկման համակարգ: Ընդ որում, առաջարկը հիմնավորվում է այն հանգամանքով, որ գործող հարկման համակարգը ապահովում է հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների համար բարենպաստ ձեռնարկատիրական միջավայր, մինչդեռ շրջանառության հարկի համակարգ տեղափոխելու արդյունքում էապես ավելանալու է հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հարկային բեռը:

Այդպիսով, կառավարությունն ուժի մեջ թողեց նախորդ որոշումն այն մասին, որ 2018 թ-ի հուլիսի 1-ից սննդի առաքման համար հարկը հավասարեցվում է հանրային սննդով զբաղվող օբյեկտների հարկին։

Սննդի առաքմամբ զբաղվող Մենյու.ամ ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանն այդ ժամանակ  հայտարարեց, թե դադարեցնելու է գործունեությունը, սակայն ավելի ուշ հայտնեց, որ  ընկերությունը չի դադարեցնի գործունեությունը Հայաստանում և ներողություն խնդրեց` նշելով, որ սխալ է հասկացել որոշումը։ Այսինքն՝ նրա համար ընդունելի էր հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող օրենքը:

ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը բնական է համարում տնտեսվարողների մտահոգությունները, քանի որ ամբողջությամբ փոխվում է հանրային սննդի հարկման համակարգը:

«Բնականաբար, հարկ վճարողները կունենային բողոքներ և հարմարվելու տեսանկյունից, և հարկային բեռի փոփոխության առումով: Բայց այդ դժգոհությունները միանշանակ չեն: Կան հարկ վճարողներ, որ բողոքում են՝ հարկային բեռն է ավելանում, կա հակառակ տեսակետը՝ հատկապես փոքր շրջանառություն ունեցողների մոտ, որոնց հարկային բեռը նվազում է: Բնական է, որ իրենք չեն բողոքում»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վարչության պետը:

Ըստ նրա՝ համակարգի փոփոխությունների մասին  օրինագիծն ընդունվել է 2017 թվականի դեկտեմբերին, և տնտեսավարողները  դրանց մասին տեղեկացված են եղել: «Այսինքն՝ վեց ամիս հետո էին փոփոխությունները կյանքի կոչվելու, իսկ այդ ժամանակահատվածը նրա համար էր, որ տնտեսվարողները հարմարվեին դրան», - ասաց նա:

Օրի Ալավերդյանը հիշեցրեց, որ ներկայում հանրային սննդի ոլորտի օբյեկտները հարկվում են արտոնագրային վճարով։ Այսինքն՝ ԱԱՀ-ի և շրջանառության հարկի փոխարեն վճարում են ֆիքսված (հաստատագրված) գումար՝ կախված օբյեկտի մակերեսից, գտնվելու վայրից և մի քանի այլ գործոններից։

Հուլիսի 1-ից հանրային սննդի գործունեությունը տեղափոխվելու է շրջանառության հարկի համակարգ:

«Այսինքն՝  հարկը ձևավորվելու է իրենց շրջանառությունների և իրենց կատարած ձեռքբերումների հիման վրա»,- ասաց վարչության պետը:

Նրա խոսքով՝ հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը հարկը հաշվարկվելու է իրացման շրջանառության 8 տոկոսից՝ նվազեցվելով փաստաթղթերով հիմնավորված ծախսերի 5 տոկոսը,  սակայն ներկայումս Ազգային ժողովում քննարկվող օրինագծի ընդունման դեպքում ոլորտի համար շրջանառության հարկի դրույքաչափը կսահմանվի 6 տոկոս` միևնույն ժամանակ տնտեսվարողներին հնարավորություն տալով հանել պարտավորություններից փաստաթղթավորված ծախսերի 3-4 տոկոս, բայց ոչ պակաս, քան շրջանառության 4 տոկոսը: 
Օրի Ալավերդյանը նշեց նաև, որ հանրային սննդի օբյեկտները  մինչև օգոստոսի 20-ը պետք է ներկայացնեն շրջանառության հարկ վճարելու մասին հայտարարություն, հակառակ դեպքում, կհամարվեն ոչ թե շրջանառության հարկ վճարողներ, այլև ԱԱՀ վճարողներ:

Վարչության պետի խոսքով՝  նախկին համակարգն ուներ հարկման արդարության հետ կապված որոշ խնդիրներ:

«Օրինակ, երկու հանրային սննդի կետերն ունեն նույն մակերեսը, բայց շրջանառության տարբեր ծավալներ, մինչդեռ վճարում են նույն չափի հարկ: Սա տրամաբանական չէ և պետք է հաշվարկել իրացման շրջանառության ծավալները: Հնարավորինս պետք է գործի այնպիսի համակարգ, որպեսզի հարկի  գումարները հաշվարկեն իրացման շրջանառություններից»,- ասաց Օրի Ալավերդյանը:

Նշենք, որ կառավարության հիմնավորման համաձայն, Երևանում գործում է հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող 1582 տնտեսվարող սուբյեկտ, իսկ մարզկենտրոններում՝ 309:

Նշյալ տնտեսվարող սուբյեկտների միջին հարկային բեռը արտոնագրային վճարի (հարկի) պայմաններում Երևան քաղաքում կազմում է 29,5 տոկոս, իսկ մարզկենտրոններում՝ շուրջ 39 տոկոս՝ վերջիններիս կողմից հայտարարագրված իրացման շրջանառությունների նկատմամբ: 2018 թվականի հուլիսի 1-ից 2019 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանաահատվածի համար սահմանված շրջանառության հարկի դրույքաչափերի և տնտեսվարող սուբյեկտների կողմից կատարված ձեռքբերումների հիման վրա կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ շրջանառության հարկի միջին բեռը Երևան քաղաքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար կազմելու է միջինում 6 տոկոս, իսկ մարզկենտրոններում՝ 5 տոկոս և դա այն դեպքում, երբ կատարված հաշվարկներին չեն մասնակցել տնտեսվարող սուբյեկտների կողմից աշ-խատողներին ուղղվող աշխատավարձի գումարները, մինչդեռ դրանք օրենսդրության համաձայն շրջանառության հարկի հաշվարկման համար նույնպես համարվում են ծախսեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել