Armtimes.com-ը գրում է.

Քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, Մանվել Գրիգորյանի սանիկի եւ ԱԺ-ում հավատարմագրված լրագրող  Փայլակ Ֆահրադյանի միջեւ: Բանն այն է, որ լրագրողը պատգամավորից հետաքրքվել է. «Երեկ տեղի ունեցած քվեարկության ժամանակ երեք պատգամավոր դեմ էր արտահայտվել Մանվել Գրիգորյանին անձեռնամխելիությունից զրկելու եւ կալանավորելու որոշմանը, արդյո՞ք դեմ քվեարկածներից մեկն ինքն է»: Կարապետյանը պատասխանել է, որ երեկ արդեն մի քանի լրատվամիջոցի տեղի ունեցածի առնչությամբ պարզաբանում տվել է:

Լրագրողն այնուհետ հարցրել է. «Սպասելի էր Ձեզ համար, որ Ձեր քավորը «տուշոնկա» կգողանար»: Կարապետյանը հարցով է պատասխանել, թե սպասելի էր արդյո՞ք լրագրողի համար:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Մանվել Գրիգորյանը եղել է Անդրանիկ Կարապետյանի հարսանիքի քավորը, եւ մտերիմ հարաբերությունների մեջ են եղել, լրագրողը հարցրել է. «արդյո՞ք վերջինս օգտվել է այդ բարիքներից, մասնավորապես «տուշոնկայից»»: Ըստ լրագրողի՝ այս հարցը Անդրանիկ Կարապետյանին դուր չի եկել, նա սկսել է վիրավորել լրագրողին: «Այ տուշոնկա»,- ասել է նա լրագրողին: Լրագրողն էլ ի պատասխան նրան է անվանել նույն կերպ:

Ավելի ուշ խորհրդարանի միջանցքում լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Կարապետյանը հայտարարեց, որ լրագրողի հարցը դիտարկել է որպես անձնական վիրավորանք եւ դրա համար է նման կերպ արձագանքել: Նա ներողություն խնդրեց Փայլակ Ֆահրադյանից:

«Ինձ ասում է դուք ազգականներ եք, հետո ասում է՝ դուք օգտվել եք այդ տուշոնկայից։ Բա դա վիրավորակա՞ն չէ։ Լրագրողներն իրավունք ունեն պրոֆեսիոնալ հարցեր ուղղել եւ սպառիչ պատասխան ստանալ, բայց անձնական վիրավորանք ոչ ոք թույլ չի տա։ Ես դա վիրավորական եմ համարում։ Իրեն հարգող յուրաքանչյուր տղամարդ, կապ չունի՝ ԱԺ պատգամավոր է, թե ուղղակի քաղաքացի, պետք է դրանից վիրավորվի», - ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել