Aysor.am-ը գրում է

ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկության ժամանակ ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված մի շարք մթերքների ու իրերի կողքին տեղ էին գտել նաև տարբեր մակնիշի թանկարժեք ավտոմեքենաներ: Հաջորդող օրերին համացանցում լուսանկար հայտնվեց, որտեղ երգիչ Արամ Ասատրյանը նկարվել էր իր սպիտակ ավտոմեքենայի կողքին: Ըստ մեկնաբանությունների՝ Մ. Գրիգորյանի առանձնատան ավտոտնակում հայտնաբերված ավտոմեքենաներից մեկը հենց երգչին պատկանող փոխադրամիջոցն է, որը ժամանակին յուրացրել է կասկածյալի աթոռին հայտնված գեներալը:

Արամ Ասատրյանի փեսան՝ ԱՄՆ-ում ճանաչված հեռուստահաղորդավար Գրիշա ՍանդալյաննAysor.am-ի հետ զրույցում հերքեց տարածված խոսակցությունները՝ ընդգծելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:

«Այն, թե իբր նրանից մեքենան պարտադրաբար վերցրել են և այլն, զուտ ասեկոսեներ են, նման բան իրականում տեղի չի ունեցել: Արամ Ասատրյանը, երբ ԱՄՆ էր տեղափոխվում, իր մեքենան վաճառել է, Մանվել Գրիգորյանի բարեկամներից մեկն էլ այն նորմալ գումարով գնել է: Արամն ու Մանվելը, ավտոմեքենայով պայմանավորված, հակասություն երբեք չեն ունեցել, դա հաստատ է: Ինչ վերաբերում է տեսանյութում տեղ գտած մեքենային, որքան ինքս եմ ուշադիր եղել, Արամի ավտոմեքենան չի, ուղղակի մարդիկ սպիտակ գույնին են խաբվել ու ասոցացրել: Մի ժամանակ էլ ասում էին, թե տունն են ձեռքից խլել, բայց քանի որ հիմա Արտաշ Ասատրյանն իր ընտանիքի հետ այդտեղ է բնակվում, այս խոսակցությունները մարեցին», - մանրամասնեց հաղորդավարը:

Մինչ այսօր ժողովուրդը շարունակում է խոսել այն մասին, որ էջմիածնեցի երգիչը ժամանակին Մանվել Գրիգորյանի պատճառով էր լքել հայրենիքն ու ընտանիքի հետ հաստատվել Միացյալ Նահանգներում: Ոմանք նույնիսկ երգչի մահն են կապում գեներալի անվան հետ, սակայն, ըստ մեր զրուցակցի, ինչպես շատ հարցերում, Արամ Ասատրյան-Մանվել Գրիգորյան հարաբերությունները ևս ժողովուրդը ուռճացված է ներկայացնում: Իրականում, երկու համաքաղաքացիների միջև որևէ ընդգծված կոնֆլիկտ, առավել ևս,  թշնամություն չի եղել:

«Նույնիսկ ավելին ասեմ, Մանվել Գրիգորյանն իրականում տխրել էր, երբ Արամ Ասատրյանը Հայաստանից եկավ ԱՄՆ: Այն, որ Արամ Ասատրյանը երկրից հիասթափություններով է հեռացել, իրականություն է, բայց միայն այդքանը… Նա այստեղից հրավեր է ունեցել, եկել է՝ տեսնելով, որ ժողովուրդն իրեն այստեղ ընդունում է, կամաց-կամաց ընտանիքով հավաքվել է այստեղ: 90 ականները մտաբերելով՝ պատկերը հստակ է դառնում, շատ էին գնացողները: Բայց մեկ է, տարիներ անց ինքը վերադարձավ Հայաստան, դա էր իր տունը: Ինքն ու Մանվելն իրականում ջերմ հարաբերություններ ունեին, փոխադարձ հարգանքով էին վերաբերվում, բայց արանքի մարդիկ շատ «մուտիտներ» են արել, խոսք տարել ու բերել՝ փորձելով միմյանց դեմ լարել: Մեկ ստացվել է, մեկ՝ չէ: Հիշում եմ, երբ Արամը ԱՄՆ տեղափոխվելուց հետո առաջին անգամ Հայաստան եկավ, դա գեներալի հրավերով էր՝ վերջինիս աղջկա հարսանիքին: Ինքս էլ ներկա եմ եղել: Չեք պատկերացնի՝ ինչ ընդունելություն էին կազմակերպել, ինչ պատվի ու հարգանքի արժանացրին: Ես ականատես չեղա, որ այդ մարդուն հալածեն, ճնշեն կամ գոնե մի քիչ կոպիտ խոսեն նրա հետ: Արամն այն մարդն էր, ով, նախ ինքը թույլ չէր տա, որ իր հետ կոպիտ խոսեին, և հետո՝ մեծ հարգանք ու համբավ էր վայելում…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել