Armtimes.com-ը գրում է․

Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակում խուզարկություն է իրականացվել նաեւ Մանվել Գրիգորյանի թիկնապահի՝ Մհեր Հովսեփյանի Արշալույս գյուղում գտնվող տանն ու կից օժանդակ շինություններում: Խուզարկության ժամանակ հայտնաբերվել է «Վիկինգ» տեսակի գործարանային ատրճանակ, 2 հատ կաշվե պատյան՝ որսորդական փամփուշտներով:

Տեղեկացանք, որ արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակում տասնյակ հարցաքննություններ են կատարվել. հարցաքննվել են նաեւ Մանվել Գրիգորյանի մերձավորները:

Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է երկու օր առաջ՝ Ազգային անվտանգության ծառայության խուզարկություններից հետո ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու համար: Ազգային անվտանգության ծառայության երեկ տարածած տեսանյութի համաձայն, Հանրապետական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանն ու նրան պատկանող տարածքներում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ռազմամթերք ու թանկարժեք մեքենաների հավաքածուներ, ինչպես նաեւ երկու տարի առաջ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, բանակին որպես օգնություն ուղարկված շտապօգնության մեքենա, սնունդ, հագուստ ու այլ իրեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել