Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ծննդյան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից, շնորհավորական ուղերձում ասվում է.

«Թանկագին պարոն Վարչապետ,

Ձեր ծննդյան տարեդարձի առիթով հղում եմ Ձեզ լավագույն բարեմաղթանքներս, ինչպես նաև անկեղծ շնորհավորանքներս՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Վստահ եմ, որ Դուք հաջողությամբ կիրականացնեք Ձեր առաքելությունը՝ ի պաշտպանություն առաջին հերթին մեր ժողովրդի շահերի։

Ինչպես գիտեք, ես խոր հուզմունքով էի հետևում Հայաստանում ծավալվող իրադարձություններին և մեծ հպարտություն եմ ապրում իմ ժողովրդի ու նրա դրսևորած վարքագծի համար։

1988թ. երկրաշարժի և Հայաստանի Հանրապետության անկախացման ժամանակահատվածից ի վեր՝ ես ամեն ինչ արել եմ իմ հայրենիքին օգնելու համար։ Չնայած առճակատմանն ու բոլոր մակարդակներում հանդիպած դժվարություններին, բարեբախտաբար երկրի վիճակը բարելավվել է։ Այսօր նոր հույսի շունչ կա Հայաստանում՝ շնորհիվ Ձեր ու Ձեզ աջակցած հայ ժողովրդի ջանքերի։

Սրտանց ցանկանում եմ, որ Հայաստանի երիտասարդությունը կարողանա երբևէ օգտվել նույն այն հնարավորություններից, որոնցից ինքս եմ օգտվել ժամանակին, կարողանա դրսևորել իր ողջ ներուժը և իր երազանքներն իրականություն դարձնել Հայաստանում։

Հենց այս մղումով է, որ ես ներգրավվել եմ մշակութային կենտրոն ստեղծելու մի ծրագրի մեջ, որը, հուսով եմ, մեր ազգի հետագա առաջընթացի մեջ զգալի դերակատարում կունենա։ Ես կխնդրեմ Ազնավուր հիմնադրամի մեր թիմին՝ Ձեզ ներկայացնել այդ ծրագիրը։

Մեծ է ցանկությունս, հենց որ առողջությունը թույլ տա, գալ ու սեփական աչքերով տեսնել նոր Հայաստանն ու հանդիպել այն կենսունակ ուժերին, որոնք ձևավորելու են մեր ազգի գալիքը։

Ընդունեք, խնդրեմ, պարոն Վարչապետ, խորին հարգանացս հավաստիքը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել