Մայիսի 21-ին կայացել է Բարձրագույն դատական խորհրդի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների աշխատանքային հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ԲԴԽ նախագահը դատավորներին ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի ձեռնարկած հիմնական քայլերը, ծրագրային մոտեցումները, առաջիկա գործողությունների ժամանակացույցը, ինչը բխում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներից: Կարևորվել է, որ Օրենսգրքով կան հստակ սահմանված ժամկետներ, որոնց պահպանումը պարտադիր է: Դա վերաբերում է ոչ միայն անհրաժեշտ իրավական ակտերի նախապատրաստմանն ու ընդունմանը, այլև վեցամսյա ժամկետում դատարանների նախագահների նշանակմանը, կառուցակարգային բազմաթիվ խնդիրների լուծմանը:

Խորհրդի նախագահն առանձնակի կարևորել է Բարձրագույն դատական խորհրդի 2018թ. ապրիլի 12-ի որոշման հետևողական իրացումը, որում մասնավորապես շեշտվել է. «Անթույլատրելի համարել դատավորի գործունեությանը որևէ միջամտություն, այդ թվում՝ կոնկրետ գործի քննության առնչությամբ հանրային իշխանության ցանկացած ներկայացուցչի հեռախոսային կամ այլ բնույթի հաղորդակցությունը գործը քննող դատավորի կամ դատարանի նախագահի հետ, ինչպես նաև այդ առնչությամբ հրապարակային հայտարարություն անելը՝ դա համարելով միջամտություն դատավորի գործունեությանը և դատարանի անկախությանը»:

Գոհունակություն է հայտնվել, որ այս հարցում առկա է նաև երկրի քաղաքական իշխանությունների հստակ դիրքորոշումը՝ բացառել որևէ միջամտություն արդարադատական գործընթացին և ակնկալել երկրում ունենալ անկախ ու միաժամանակ օրենքի առջև պատասխանատու դատարաններ:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ներկայացրել է նաև առկա մի շարք խնդիրների լուծման առնչությամբ Խորհրդի կոնկրետ մոտեցումները: Առանձին հարցերի առնչությամբ դիրքորոշումներ են արտահայտել նաև հանդիպման մասնակիցները՝ կարևորելով նման հանդիպումների անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցում էին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի գործող 64 դատավորներից 60-ը, երեքը հերթապահություն էին իրականացնում, մեկ դատավոր բացակայում էր հարգելի պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել