Tert.am-ը գրում է.

Եթե իշխանությունները Հայաստանը ժողովրդավարական երկիր են համարում, չեն ցանկանում 1 թեկնածու ունենալ, որին բոլորը կողմ կքվեարկեն, ինչպես Սովետական Միության դեպքում էր, ապա հնարավորություն պետք է ստեղծեին, որ նախագահի մեր թեկնածու Արտակ Զեյնալյանը գոնե կարողանար առաջադրվել: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նրա խոսքով՝ Նախագահ Սերժ Սարգսյանի պատկերացրած լայն կոնսոլիդացիան՝ նախագահի թեկնածուի շուրջ, չի լինելու։

- Պարո՛ն Սարգսյան, թեպետ խորհրդարանական համակարգում նախագահի լիազորությունները լայն չեն, միևնույն է՝ իշխող ՀՀԿ-ն էլ կունենա իր թեկնածուն: Ի՞նչ եք կարծում, ՀՀԿ-ն կփորձի՞ գոնե դիտակել ձեր առաջարկած անձի՝ Արտակ Զեյնալյանի թեկնածությունը:

- Գիտեք, երբ նախագահականում այդ թեմայով խոսակցություն գնաց, և գործող նախագահը ներկայացրեց, թե ինչպիսի նախագահ է ինքը պատկերացնում, անկեղծ եմ ասում, որ Արտակ Զեյնալյանն այդ բոլոր չափանիշներին բավարարում է՝ թե՛ հայրենիքին իր նվիրվածության, թե՛ իր զբաղեցրած պաշտոններով, թե՛ տարիքով: Այս առումով, կարծում եմ, մեր թեկնածուն մրցակցային է: Եթե երկրի իշխանությունները չեն ցանկանում Սովետական Միության նման մի թեկնածու ունենալ, որին բոլորը կողմ կքվեարկեն, այսինքն՝ իրեն ժողովրդավարական երկիր է համարում, ապա հնարավորություն պետք է ստեղծեր, որ մեր թեկնածուն գոնե կարողանար առաջադրվել: Հնարավորություն պետք է տրվեր գոնե մեր ծրագրերն ու մոտեցումները ներկայացնել, գոնե ասել, թե որպես ընդդիմադիր՝ մենք ինչ ենք ցանկանում, ինչպիսի Հայաստան ենք պատկերացնում: Բայց իշխանությունները նույնիսկ այս հնարավորությունը չեն տվել: Հետևաբար ասել, թե նախագահի թեկնածուն կարող է լինել այնպիսին, որ բոլորը կողմ քվեարկեն, կարծում եմ՝ զուտ ցանկություն է և իրականությանը չի համապատասխանում, որովհետև եթե մեզ հնարավորություն չի տրվում նույնիսկ տեսակետ ներկայացնելու, ապա մենք ինչպե՞ս կարող ենք կողմ քվեարկել:

- Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ Նախագահ Սերժ Սարգսյանի պատկերացրած լայն կոնսոլիդացիան չի լինելու։

- Իհարկե չի լինելու: Հանրապետականը կարող էր միանալ Արտակ Զեյնալյանի թեկնածության առաջադրմանը, այսինքն՝ դեմ չլինեին, բայց վերջում, 2 թեկնածուների ելույթները լսելով, քվեարկեին իրենց թեկնածուին: Անհեթեթ օրենք են գրել, որովհետև վարչապետի պաշտոնի դեպքում, որն ավելի կարևոր է, միևնույն է՝ խմբակցություններն իրավունք ունեն ներկայացնելու իրենց թեկնածուին, ինչը «Ելք»-ն անելու է, իսկ նախագահի պաշտոնի համար, որն արարողակարգային է, նման հնարավորություն չկա: Գրած օրենքը ձեռքի հետ արագ արված բան է, որն իր մեջ թերություն ունի, բայց իրենք նույնիսկ այս օրենքի պարագայում հնարավորություն ունին 9 հոգանոց խմբակցությանը հնարավորություն տալ թեկնածուով հանդես գալ, որ ընտրություն ցույց տային նախագահի պաշտոնում: Իսկ հիմա Սովետական Միության կարգերն են՝ կեցցե՛ Պուտինը, Լենինը, Ստալինը, կեցցե՛ մենք, այս սկզբունքով մանդատները բարձրացրեք և իջեցրեք: Սակայն այդպես չի կարող լինել, որովհետև, վերջ ի վերջո, ՀՀ-ն այս տարիներին հասկացավ, թե ժողովրդավարություն ինչ բան է, սովետական ժամանակներն էլ անցել են, նոր սերունդ է եկել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել