Եթե նախկինում ինձ հարցնեին, թե ի՞նչն է լավ՝ խելացի՞, թե՞ գեղեցիկ լինելը, ես անվարան կպատասխանեի՝ իհարկե, խելացի լինելը․ չէ՞ որ խելացի լինելը նաև եկամտաբեր է: Խելացի կինը միշտ կարող է հոգալ իր կարիքները, գնել իր համար ուզածը, չի կորչի դժվարին իրավիճակում, միշտ ելքը կգտնի: Եվ, ի վերջո, աշխարհում էլ գնահատվում են խելացի կանայք, և ես վստահաբար ասում էի, որ հաջողության հասնելու համար անպայման պետք է խելացի լինել: Վերջին տարիներին այս հարցին փոքր-ինչ այլ կերպ եմ պատասխանում: Կարծում եմ՝ ավելի լավ է գեղեցիկ լինել, իսկ առավել լավ է ԿԻՆ լինել, քանի որ այդ բառն իր մեջ ներառում է և՛ գեղեցկություն, և՛ հմայք, և՛ շարմ, և՛ իմաստություն:

Ուզում եմ խելացի լինել…

Ցավոք, ինձ նմանները շատ են: Ես նայում եմ կանանց ու տեսնում, որ նրանցից շատերն ապրում են գլխով: Շատերի համար դա ճիշտ է ու սովորական․ ոչ ոք չի ուզում ապրել սրտի թելադրանքով, բացել սիրտը և սեր տալ:

Բոլորն ուզում են կառավարել, վերահսկել, իշխել, տիրել, տղամարդկային ուղով գնալ, հրաժարվել էմոցիաներից, թույլ լինելու հնարավորությունից, կախվածությունից: Ժամանակակից հասարակությունում խելացի լինելը պատվաբեր է:

Դիպլոմներ, պատվոգրեր, մրցումներ, վիկտորինաներ: Խելացի կինը կարիերայում կարող է հաջողությունների հասնել: Խնդիրը միայն այն է, որ այդ խելքով էլ հենց նա կքանդի իր ընտանիքը՝ իր ճշմարտացիությունն ամուսնուն ապացուցելով, երեխաներին շարունակ դիտողություններ անելով, ցանկացած խոսակցության մեջ, իր կարծիքով, խելացի բառեր ներդնելով: Նա միշտ գիտի՝ որն է ճիշտը, և բոլորին այդ մասին պատմում է, իր խորհուրդներով կտանջի իր փեսային կամ հարսին, կկռվի իր սկեսրոջ կամ ծնողների հետ:

Շատ խելք ունենալը բարդ բան չէ, հատկապես՝ կանանց համար: Բավական է միայն դպրոցում լավ սովորել, մի քանի բուհ ավարտել, հոգեբանության մասին շատ գրքեր կարդալ, խաչբառեր լուծել, տարբեր թրեյնինգների, դասախոսությունների, դասընթացների մասնակցել:

Ընդ որում՝ պարտադիր չէ դրանք գործնականում կիրառելը: Միգուցե զուր չէր, որ նախկինում աղջիկներին միայն կանացի գիտություններին են հաղորդակից դարձրել՝ ամուսնու հետ շփման, երեխաների դաստիարակության, ձեռագործության հմտություններ, արվեստներ: Դա արվում էր, որ աղջիկ երեխան վաղ մանկությունից գնա սրտի ճանապարհով:

Շատ լավ է, իհարկե, ունենալ այն գիտակցությունը, որ դու ճիշտ ես, բայց ո՞ւմ կարող է դուր գալ անընդհատ դիտողություններ լսել, սխալ լինել, դիմանալ ինչ-որ մեկի՝ քեզ ինչ-որ բան սովորեցնելու անզուսպ մղմանն ու գտնվել դուրսպրծուկի կողքին: Այդպիսի կնոջ կողքին գտնվող մարդիկ դժբախտ կլինեն, ինչպես և ինքը:

Միգուցե դուք կմտածեք, որ ես քարոզում եմ անկրթություն և հիմարություն, և դա կրկին մտքի խաղ կլինի, որը համարում է, որ միշտ 2 տարբերակ կա՝ կա՛մ գեղեցիկ է, կա՛մ խելացի, կա՛մ խելացի է, կա՛մ հիմար, կա՛մ բարի է, կա՛մ հարուստ, կա՛մ հաջողակ է, կա՛մ կանացի, կա՛մ սև է, կա՛մ սպիտակ: Բայց ոչ: Աշխարհում շատ տարբերակներ կան, մոխրագույնի շատ երանգներ, անհամադրելի բաների բազմաթիվ համադրություններ: Եվ խոսելով այն մասին, որ կնոջ բոլոր դժբախտություններն իր խելքից են, ես տեսնում եմ երրորդ ալտերնատիվը՝ իմաստնություն:

Ես ընտրում եմ իմաստնությունը

Ես հիշում եմ, թե ինչպես էի ես բոլորին ապացուցում իմ ճշմարիտ լինելը, դրանով իմ էգոն գոհանում էր: Սակայն դա ոչ մի լավ բանի չհանգեցրեց: Ես շարունակ ամուսնուս ցույց էի տալիս, որ ավելի խելացի եմ, և նույնիսկ այն ժամանակ, երբ ամուսնալուծության եզրին էինք, ես չհասկացա, որ դա իմ խելացիության գինն է, որ հենց իմ անընդհատ վիճելու, ամեն բանի կպչելու, ապացուցելու ձգտումն է քանդում մեր հարաբերությունները:

Ես ջանասիրաբար բոլոր ընկերներիս ապացուցում էի, որ նրանք պետք է փոխվեն, նրանց խելացի գրքեր էի տալիս, որ կարդան, հրավիրում էի թրեյնինգների, նույն այն թրեյնինգներին, որոնց ընթացքում ինձ սովորեցնում էին ուրիշներին ընդունել այնպիսին, ինչպիսին որ իրենք կան: Հնարավոր չէ վստահել այն մարդուն, ով միշտ ճիշտ է․ չէ՞ որ նրա ճիշտ լինելն ավելի կարևոր է, քան դու: Եվ եթե խելացի կնոջը ճիշտ երևալու համար պետք լինի նվաստացնել իր տղամարդուն, նա դա կանի: Հնարավոր չէ խելացի կնոջ կողքին թուլանալ։

Նա կմատնանշի ցանկացած գործած սխալը, անգամ եթե այդ սխալն աննշան լինի: Եվ ուրեմն՝ միշտ պետք է լարվածության մեջ լինել՝ բարձունքում գտնվելու համար: Բայց չէ՞ որ առանց այդ էլ արտաքին աշխարհում տղամարդը բավականաչափ լարված է: Նա աշխատանքի է գնում, փող է աշխատում, շատ հարցեր է լուծում: Եվ այդ վիճակում նա չի կարող անընդհատ ապրել: Տուն գալով՝ նա ուզում է թուլանալ, թոթափել ողջ ծանր օրվա լարվածությունը, և եթե կինն իր խելացիությամբ դա թույլ չի տալիս, կան մի քանի տարբերակներ՝

  • ալկոհոլ, որից մթագնում է գլուխը, և այն թույլ է տալիս հանգստանալ, անգամ երբ կինը կողքից խոսում է:
  • համակարգիչ՝ խաղեր և համացանց՝ որպես այլ իրականություն տեղափոխվելու հնարավորություն:
  • աշխատանքի բացակայություն․ այդ ժամանակ նա կարող է հանգստանալ և թուլանալ, երբ կինն աշխատանքի է, իսկ երբ նա վերադառնում է, պետք է հավաքվել ու պատրաստ լինել տոննաներով թափվող հանդիմանությունների ու մեղադրանքների տարափին:
  • այլ կին, ում կողքին կարելի է թուլանալ, լինել ինքդ քեզ հետ ու քեզ պես, ու դրա հետ միաժամանակ թիկունքին հարված չստանալ:

Այսպես ես սկսեցի նկատել, որ ամուսինս շատ ժամանակ է սկսել անցկացնել համացանցում, երբեմն՝ գարեջրի գավաթից հետո: Բայց ես ոչ միանգամից հասկացա, որ ես ինքս եմ նրան այլ իրականություն ուղարկում: Ինձ համար նախկինում հիմարիկ լինելն ամենամեծ վիրավորանքն էր, որ կարող էին հասցնել ինձ: Ավելի լավ է՝ տգեղ կամ օձ անվանեն, բայց՝ ոչ հիմարիկ: Երբեք:

Բայց հիմա ես հասկանում եմ, որ խելացի լինելու փորձերն ու միշտ ճիշտ լինելու ձգտումն իմ կյանքի ամենամեծ հիմարությունն են: Դրանք իմ կյանքում շատ հարաբերություններ են կործանել: Իմ առաջին սերն ինձ մի անգամ ասաց՝ դու հիասքանչ ես, բայց չափազանց խելացի ես։ Դա անտանելի է:

Իմ ամուսինը պարբերաբար իր ուշադրությունը կենտրոնացնում է այն բանի վրա, որ իմ ճիշտ լինելու ձգտումն իր մոտ վերացնում է իմ մասին հոգ տանելու բոլոր ցանկությունները: Ուրեմն՝ ի՞նչ անել այս պարագայում: Ես սովորեցի իմաստուն լինել:

Ես սովորում եմ չվիճել ամուսնուս հետ, սովորում եմ նրանից օգնություն խնդրել ու նեցուկ լինել: Սովորում եմ սթրեսային իրավիճակներում թուլանալ, այլ ոչ թե ինձ պատեպատ տալ: Ես սովորում եմ այլ կերպ շփվել: Խորհուրդներ չեմ տալիս, եթե չեն խնդրում, և նույնիսկ, երբ խնդրում են, բայց ես տեսնում եմ, որ մարդը պատրաստ չէ լսել այն, չեմ տալիս այդ խորհուրդը: Սովորում եմ լսել ուրիշներին, նրանց դիրքորոշման մեջ ճշմարիտ հիմնավորումներ գտնել, հասկանալ նրանց:

Ես սովորում եմ իմ երեխաներին այլ կերպ նայել, նրանց մեջ անհատականություններ տեսնել, որոնք արդեն իսկ ունեն նախընտրություններ ու հակումներ:

Սովորում եմ նոր հարաբերություններ կառուցել իմ ու ամուսնուս ծնողների, բարեկամների ու ծանոթների հետ: Եվ նույնիսկ ճանապարհի ամենասկզբում ես արդեն տեսնում եմ այդպիսի մոտեցման առավելությունները: Բավական է հիմարիկ ձևանալ ու օգնություն խնդրել, ամուսինս վայրկենապես կատարում է խնդրանքներս. սարքում է, վերանորոգում, լուծում բոլոր խնդիրները: Նա սկսել է հաճախ ինձ երես տալ ու ուրախացնել նվերներով, զգեստներով, զարդերով: Եվ ես կարիք չունեմ նվաստանալու, ձևեր թափելու ու հարմարվելու: Պետք է ընդամենը խնդրել:

Լավ է խելացի լինել, բայց ավելի լավ է իմաստուն լինել: Իսկ ինչո՞վ է իմաստուն լինելը տարբերվում խելացիությունից:

  • Խելացի կինն, ամուսնու սխալը նկատելով, կմատնանշի այն և կհիշեցնի, որ ինքն այդ մասին նախազգուշացրել էր: Իմաստուն կինը նեցուկ կլինի, կոգևորի, երբեմն ձև կանի, որ ոչինչ չի նկատել:
  • Խելացի կինը ճգնաժամային իրավիճակներում իշխանությունն իր ձեռքը կվերցնի և ամուսնուն կսովորեցնի ճիշտ ապրել: Իմաստուն կինը նրբորեն ցույց կտա ուղղությունը և կօգնի հասնել նպատակակետին:
  • Խելացի կինը երեխաներին մաթեմատիկա կսովորեցնի՝ չնայած ամեն ինչին: Իսկ իմաստուն կինը նրանցից յուրաքանչյուրի մեջ անհատականություն կտեսնի:
  • Խելացի կինն աշխատավայրում կաշխատի բոլորից լավը լինել և սխալներ չգործել: Բայց գործընկերներից շատերը նրա նկատմամբ զգուշություն կցուցաբերեն: Իմաստուն կինն աշխատավայրում կստեղծի ջերմության և սիրո մթնոլորտ:
  • Խելացի կինը կխառնվի իր հասուն երեխաների կյանքին, նրանց անհարկի խորհուրդներ կտա՝ պատմելով այն մասին, թե ինչպես մեծացնել երեխաներին: Իմաստուն կինը երեխաներին թույլ կտա ձեռք բերել սեփական կենսափորձը և կօգնի ցանկացած իրավիճակում:
  • Խելացի կինը կպայքարի սկեսրոջ ազդեցության դեմ, կպնդի իր անկախությունը, կվիճի ծնողների հետ: Իմաստուն կինը կսովորի ժպտալ, լուռ լսել, համաձայնել և անել այնպես, ինչպես ճիշտ է գտնում, սիրով:
  • Խելացի կինն ուզում է փոխել ողջ աշխարհը, բոլոր մարդկանց: Իմաստուն կինը կսկսի փոխվել ինքը և ուրիշներին ընդունել այնպիսին, ինչպիսին որ կան:
  • Խելացի կինը մտածում է, որ երջանիկ է նա, ով ճիշտ է: Իսկ իմաստուն կինը գիտի, որ ճիշտ է նա, ով երջանիկ է:

Խելացի կնոջ գլխավոր արժեքն իր իրավացիությունն ու խելքն են, իսկ իմաստուն կնոջ համար՝ հարաբերություններն ընտանիքում, աշխատավայրում, աշխարհում: Ահա և ողջ տարբերությունը: Տղամարդն ուզում է գտնվել իմաստուն կնոջ կողքին, որ իրեն ընդունեն այնպիսին, ինչպիսին որ ինքը կա, օգնեն, իրենից օգնություն խնդրեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել