Դեկտեմբերի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում մասնակցել է ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների 24-րդ խորհրդին, որին ներկա էին կազմակերպության անդամ 57 պետությունների եւ 11 գործընկեր երկրների, մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակությունները։

Նախարար Նալբանդյանի ելույթի հիմնական թեման ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերն էին եւ Ադրբեջանի՝ պայմանավորվածություններից հրաժարվելու եւ ստատուս քվոյի պահպանմանը միտված գործողությունները։

Նալբանդյանի բնորոշմամբ Ադրբեջանի մտադրությունները երեւում են իր կողմից իրականացվող ծախսերից. Բաքուն միլիարդներ է վատնում աշխարհի մայրաքաղաքներում ազդեցություն գնելու համար, ինչը հերթական անգամ բացահայտվեց տխրահռչակ «Լանդրոմատի» գործով, այն շատ ավելի մեծ գումարներ է ծախսում հարձակողական սպառազինության ձեռքբերման համար, սակայն մինչ օրս որևէ ներդրում չի կատարել սեփական երկրի բնակչությանը խաղաղությանը նախապատրասելու համար, ինչի մասին կոչերով շարունակաբար հանդես են գալիս համանախագահները:

«Ադրբեջանի անզիջողական և առավելապաշտական դիրքորոշումը լուրջ խոչընդոտ է դարձել խաղաղ գործընթացի առաջմղման համար: Հիմնախնդրի կարգավորման համանախագահների առաջարկները այն ուղին է, որը կարող է ճանապարհ հարթել ստատուս քվոյի փոփոխման համար: Ադրբեջանը մերժում է այդ առաջարկները՝ անելով հնարավոր ամեն ինչ ստատուս քվոն անփոփոխ պահելու ուղղությամբ, միաժամանակ փորձելով ձևացնելով, թե կողմ է ստատու-քվոյի փոփոխմանը»,- իր խոսքում շեշտել է Էդվարդ Նալբանդյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել