Emedia.am-ը գրում է.
Կեպլեր-78b-ն արտարեգակնային մոլորակ (էկզամոլորակ) է, որը պտտվում է Կարապի համաստեղությունում գտնվող արեգակնանման աստղի ուղեծրում, Երկրից շուրջ 400 լուսատարի հեռավորության վրա:
Ինչպես հաղորդում է Հայկական աստղագիտական ընկերության մամլո ծառայությունը, մինչ այժմ աստղագետները որոշել են ավելի քան 1000 էկզամոլորակների բնութագրերը, սակայն Կեպլեր-78b առանձնահատուկ է: Համաձայն հեղինակավոր «Nature» ամսագրում այսօր հրապարակված ուսումնասիրության, այն ունի Երկրին շատ նման զանգված և խտություն: Աշխատանքի հեղինակները` Ժնևի համալսարանի պրոֆեսոր Ֆրանչեսկո Պեպեի ղեկավարությամբ Շվեյցարիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի տարբեր գիտական հաստատությունները ներկայացնող աստղագետների միջազգային խմբի անդամներ, ցույց են տվել, որ Կեպլեր-78b բաղկացած է քարից և երկաթից` հենց մեր Երկրի նման: Այսպիսով, Կեպլեր-78b ճշգրիտ հայտնի զանգվածով ու շառավղով առայժմ ամենափոքր էկզամոլորակն է:
Կեպլեր-78b սկզբում գրանցվել է ՆԱՍԱ-ի «Կեպլեր» արբանյակի կողմից: «Կեպլերը» հայտնաբերել է առջևով անցնող մոլորակի հետևանքով մայր աստղի պայծառության չնչին փոփոխություն: Այդ հայտնաբերումից որոշ ժամանակ անց Լա Պալմայում (Կանարյան կղզիներ) գտնվող 3.58մ հայելու տրամագծով իտալական Գալիլեյի անվան ազգային դիտակն (TNG) ուղղեցին այդ աստղին. TNG-ի վրա տեղադրված աշխարհի ամենաճշգրիտ սպեկրոգրաֆներից մեկի` HARPS-N-ի, գիտական խումբը որոշել էր իր դիտումները կենտրոնացնել Կեպլեր-78b վրա: Չափազանց ինտենսիվ դիտողական ծրագիրը գարնան և ամռան ամիսներին տվեց իր պտուղները: Օգտագործելով HARPS-N-ի եզակի բնութագրերը և ճշգրտությունը, հետազոտական խումբը չափեց էկզամոլորակի պտույտի հետևանքով առաջացած մայր աստղի աննշան տատանումները: Ցույց տրվեց, որ մոլորակն ունի երկրանման զանգված և խտություն:
Երիտասարդ հայ աստղագետ Ավետ Հարությունյանն աշխատում է TNG-ում և այս ուսումնասիրության համահեղինակներից մեկն է: «Ակնհայտ էր, որ մենք պետք է բացահայտեինք փոքր մոլորակով պայմանավորված չափազանց թույլ տատանում: TNG-ի HARPS-N-ը հյուսիսային կիսագնդի ամենաճշգրիտ սպեկտրոգրաֆն է, ուստի ուրիշ ինչ սարք կարող էր լուծել այս խնդիրը, եթե ոչ մերը», - բացատրում է Հարությունյանը: Այնուհետև ավելացնում է, - «Ներկայումս սրանք ամենաճշգրիտ արդյունքներն են, որ կարելի էր ձեռք բերել, և մենք ուրախ ենք տեսնել, թե ինչպես են մեր սարքավորումներն իրենց արդարացնում այս խրթին դիտումների ընթացքում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ