Lragir.am-ը գրում է.
Հոկտեմբերի 30-ին Հարավային Կորեայի Բուսան քաղաքում անցկացվող Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 10-րդ համագումարի բացման աղոթքի արարողության ընթացքում Գարեգին Բ Կաթողիկոսն իր պատգամը հղեց համաժողովի 4000 մասնակիցներին:
Կաթողիկոսն իր ելույթում անդրադարձել է Մերձավոր Արևելքում քրիստոնյաների դրությանը եւ Հայոց ցեղասպանության խնդրին: «Ի՞նչ կարող ենք ասել խաղաղության արժեքի մասին: Խաղաղությունը մեր աշխարհում դեռ մնում է որպես երևակայական իրողություն: Մենք հավատում ենք, որ այս իրողությունը 21-րդ դարի ամենաահավոր և ապաբարոյական անակնկալն է: Քրիստոնեական 3-րդ հազարամյակի համար մենք բոլորս ունեցել ենք ավելի դրական, ավելի հուսալի ակնկալիքներ աշխարհից, քան այն, ինչ մենք հիմա տեսնում ենք մեր շուրջը:
Հատկապես ցավալի են քաղաքացիական խռովությունները, աճող բռնությունները և շարունակվող պատերազմները Մերձավոր Արևելքում, հատկապես` Սիրիայում և Եգիպտոսում: Վստահաբար մեր սրտերը բոլոր այն մարդկանց հետ են, ովքեր տուժում են անօրինականություններից և բռնություններից: Մենք աղոթում ենք բոլոր ընտանիքների համար` անկախ նրանց էթնիկ, կրոնական և ռասսայական պատկանելիությունից, և աղոթում ենք Աստծուն ռազմական հակամարտությունների շուտափույթ դադարի համար, որպեսզի գերիշխեն բանականությունն ու երկխոսությունը:
Որպես Եկեղեցու անդամներ, մենք խորապես ազդվում ենք մեր եղբայրների և քույրերի անասելի տառապանքներից: Վերջին տարիներին մենք ավելի հաճախ ենք տեսնում, թե ինչպես ծայրահեղականների կողմից, երբեմն նաև իշխանությունների անտարբերությամբ` դավանանքի պատճառով բռնություններ են կիրառվում քրիստոնյաների նկատմամբ: Առաքյալների ժամանակներից սկսած այս քրիստոնյա համայնքները, նրանց մեջ` նաև հայերը, ապրել են ստեղծագործ կյանքով և խաղաղության մեջ ողջ Մերձավոր Արևելքում` նպաստելով տարածաշրջանի երկրների զարգացմանը: Քրիստոնյաները պատմականորեն խաղաղություն կերտողի դեր են ստանձնել ողջ տարածաշրջանում: Եվ այսօր նրանց հանդեպ վերաբերմունքը արդարության քննություն է իրենց երկրներում, ցուցանիշ` թե արդյո՞ք մարդու հիմնարար իրավունքները հարգվում են տեղական իշխանությունների և բնակչության մեծամասնության կողմից: Բռնություններին զոհ գնացող քրիստոնյաները ողջ Մերձավոր Արևելքում մեր օրերի մարտիրոսության վկաներն են: Դա մեր և մեր երկրների, ինչպես նաև այս համագումարի համընդհանուր խնդիրն է՝ միավորել մեր խոսքն ու գործը՝ կանխելու նման բռնությունները և նպաստելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:
Այս իրականությունը առանձնակի ուժգնությամբ է առնչվում մեզ` որպես հայ քրիստոնյայի: Մեր քրիստոնյա եղբայրների տառապանքները շատ ծանոթ են մեր ժողովրդին: 2015 թ. Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և աշխարհի տարբեր երկրներում մեր ժողովուրդը հիշատակելու է իր պատմության ամենամեծ ողբերգության` Հայոց Ցեղասպանության 100-ամյակը, որը ոճրագործվել է Օսմանյան Թուրքիայի կողմից: 1915 թվականից չորս սերունդներ են անցել, սակայն այդ արհավիրքի հիշողությունը մնում է կենդանի, և արդարության փնտրտուքը, թեկուզև միայն պաշտոնական ճանաչման պարզ գործողության միջոցով, չի դադարելու:
Սա պիտի հիշեցում լինի, որ այսօր աշխարհում տեղ գտնող դաժանությունը և դժբախտությունը ստվեր են գցելու 22-րդ դարի վրա և դրանից հետո: Մենք երախտապարտությամբ ենք նշում, որ ԵՀԽ-ն, մեր քույր Եկեղեցիները և ավելի քան 20 երկրներ պաշտոնապես ճանաչել են Հայոց Ցեղասպությունը: Բայց պատկերացրեք՝ ինչպիսի ցավից և դժբախտությունից կարող էին խուսափել ոչ միայն մեր ժողովուրդը, այլ նաև Եվրոպայում, Աֆրիկայում և այլ մայրցամաքներում ավելի ուշ տեղի ունեցած ցեղասպանությունների զոհերը, եթե աշխարհը ձեռնարկեր կանխելու մեկ դար առաջ` 1915 թ. իրականացված ոճրագործությունը:
Որպես Եկեղեցիներ, մենք պետք է բողոքենք այն բոլոր հանցագործությունների դեմ, որոնք այսօր տեղի են ունենում աշխարհի աչքի առաջ: Եվ մենք պետք է համարձակ խոսենք մարդու իրավունքների համընդհանուր ուսմունքի մասին` անկախ այն բանից, թե այն ներառում է կյանքի համար պայքարը Սիրայում և Եգիպտոսում, թե այն պայքար է ինքնորոշման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Մենք պետք է հաստատենք միաձայն, որ այս հիմնական իրավունքների խախտումը չի հանդուրժվելու աշխարհի ոչ մի ծայրում, քանի որ առանց արդարության և մարդու իրավունքների հաստատման, այն խաղաղությունը, որը մենք փնտրում ենք, կլինի ժամանակավոր և փխրուն»: