«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ, ընտրություններին գնում է բացարձակ մեծամասնության քվեն ստանալու, այն է՝ 50% պլյուս 1 ձայն ապահովելու ուղղությամբ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Մեզ համար «Գյումրի 2»–ը Վաղարշապատում բացառվում է, եթե նկատի ունեն ընտրությունները փաստացի պարտվելով, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ տեղ զբաղեցնելով, ձայները իրար գումարելով, Գյումրիում իշխանություն ստանալը և հետո այդ իշխանության գլխին այնպիսի փորձանք բերելը, ինչպիսին Գյումրիի քաղաքապետը բերեց Գյումրիի գլխին։
Մեր շանսերը Վաղարշապատում բարձր է պարզ տրամաբանությամբ, նախ՝ մեր թիմը ավանդաբար Վաղարշապատում և Խոյում, բոլոր տեսակի ընտրությունները 2018 թվականից հետո հաղթել է: Այդ ընտրությունների զգալի մասը մենք հաղթել ենք պարոն Մեխակյանի գլխավորությամբ, մասնավորապես՝ 2018 թվականին պարոն Մեխակյանն Ազգային ժողովի ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ամենաշատ ձայները ստացած թեկնածուն է եղել Արմավիրի մարզից, դրանից հետո բացարձակ մեծամասնության ձայները ստանալով ընտրվել է նաև Խոյ համայնքի ղեկավար»,-նշեց նա:
Խուդաթյանը հավելեց, որ այդ հաղթանակները գրանցվել են, ի տարբերություն ընդդիմության թեկնածուների, որոնք 2018-ին էլ էին ասում, որ հաղթելու են, պարտվեցին, 2021-ին էլ, պարտվեցին, նույն թվին նաև Խոյում, կրկին պարտվեցին:
«Ընդդիմությունը Վաղարշապատի ընտրությունները պարտվելու օլիմպիական չեմպիոն է, ես այլ ձևակերպում չունեմ տալու: Եթե հաշվեմ՝ քանի ընտրություն են պարտվել, կպարզվի օլիմպիական եռակի կամ քառակի չեմպիոններ են: Իրենց առաջիկայում օլիմպիական նոր, հինգակի չեմպիոն դառնալու ռեալ հնարավորություն ենք մենք տալու, որովհետև պարոն Մեխակյանը վաստակել է քաղաքացիների սերը»,-ասել է նա:



