Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ երկրում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին ապատեղեկատվություն է տարածում, թե իբր Վրաստանը չորս տարով դադարեցնում է եվրաատլանտյան ինտեգրման գործընթացը։
Այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։Հրապարակման համաձայն՝ ըստ էության, Վրաստանի իշխանությունն ընդգծել է, որ խստորեն հետևելու է Ասոցացման համաձայնագրի կատարմանը։
«Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին ապատեղեկատվություն է տարածում, թե «Վրաստանը չորս տարով դադարեցնում է եվրատլանտյան ինտեգրման գործընթացը»։ Իրականում, իշխանությունն ընդգծել է, որ խստորեն հետևելու է ասոցացման համաձայնագրի կատարմանը և մինչև 2028 թվականը կկատարի ասոցացման համաձայնագրի 90%-ը», – ասված է հայտարարության մեջ։
Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին արձագանքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի նոյեմբերի 28-ի հայտարարությանը, որտեղ Կոբախիձեն նշել է, որ «մինչև 2028 թվականի վերջ մենք Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը չենք բարձրացնի, հրաժարվում ենք Եվրամիության դրամաշնորհից, շարունակելու ենք շարժվել դեպի Եվրամիություն, թեև թույլ չենք տա, որ որևէ մեկը անընդհատ շանտաժի ենթարկի մեզ»։ Հերչինսկին նշել է, որ «իրոք, ցավալի է երեկվա հայտարարությունը, որ Վրաստանն առաջիկա չորս տարում դադարեցնում է Եվրամիությանն անդամակցելու իր փորձերը»։