Սիրիայում զինված կազմավորումների կողմից Հալեպի համալսարանի ուսանողական ավանի գնդակոծման հետևանքով առնվազն չորս խաղաղ բնակիչ է զոհվել: Այս մասին հաղորդել է սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը։ 

Նշվում է, որ զոհերի թվում կա Սիրիայի խոշորագույն բուհերից մեկի երկու ուսանող։

Նոյեմբերի 28-ին Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ նոյեմբերի 27-ի առավոտյան երկրի հյուսիսում «Ջաբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորման կազմավորումներն իրականացրել են «մասշտաբային հարձակում լայն ճակատով»։ Հայտարարության համաձայն՝ ահաբեկիչները փորձել են գրոհել «սիրիական բանակի պաշտպանության ներքո գտնվող գյուղերն ու քաղաքները և ռազմական օբյեկտները» և շարունակել են հարձակումները կառավարական դիրքերի վրա։ 

Ավելի ուշ Al Mayadeen հեռուստաալիքը հայտնել է, որ սիրիական բանակի ստորաբաժանումները հակահարձակում են սկսել գրոհայինների դիրքերի վրա, որոնք գրավել են ավելի քան 20 բնակավայր Հալեպ քաղաքից հյուսիս և արևմուտք:

Այս հարձակումն ամենամասշտաբայինն է 2020 թ. մարտից ի վեր, երբ Ռուսաստանը, որը սատարում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին, և Թուրքիան, որը սատարում է ապստամբներին, համաձայնեցին հրադադարի՝ վերջ դնելով մի քանի տարվա հակամարտությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել