Չինացի կրիպտոմիլիոնատեր Ջասթին Սանը կերել է կպչուն ժապավենով պատին ամրացված բանանը, որը հեղինակավոր Sotheby’s աճուրդում գնել էր 6,2 միլիոն դոլարով, հայտնում է france24.com-ը:
Հոնկոնգի ամենաթանկ հյուրանոցներից մեկում Սանը տասնյակ լրագրողներ աչքի առաջ կերել է իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի The Comedian վիճահարույց ինստալյացիան, որը «խորհրդանշական» է որակել:
«Այն իսկապես ավելի համեղ է, քան մյուս բանանները», – ասել է Սանը համտեսից հետո:
Կատելանի՝ կպչուն ժապավենով պատին ամրացված բանանի ինստալյացիան առաջին անգամ ներկայացվել էր 2019-ին Մայամիում Art Basel ժամանակակից արվեստի ցուցահանդեսի շրջանակում: Այն ժամանակ Կատելանը խոստովանել էր, որ բանանը գնել է 30 ցենտով. ավելի ուշ ինստալյացիան վաճառվել էր 120,000 դոլարով՝ միջազգային մամուլում բուռն քննարկումներ առաջացնելով ժամանակակից արվեստի ընկալման և արժևորման մասին: Կատելանը բացատրել է, որ սա «սադրանք է, որը կոչ է անում խորհելու արվեստի արժեքի մասին»: