Վրաստանի ՆԳՆ հատուկջոկատայիններն ամբողջությամբ դուրս են մղել ցուցարարներին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ է կիրառել. մի քանի հոգի բերման են ենթարկվել։ Ցուցարարները չեն դիմադրել իրավապահներին։

Ռուսթավելի պողոտայում ցուցարարների և ոստիկանների դիմակայությունը շարունակվել է ամբողջ գիշեր։ Ցուցարարներն այրել են աղբամաններ և փայտե աթոռներ՝ փորձելով հեռու մնալ իրավապահներից: Նրանց միջև ժամանակ առ ժամանակ բախումներ են եղել։ Ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել։

Մինչդեռ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եվրոպացի առաջնորդներից «կոշտ արձագանք» է ակնկալում Թբիլիսիում բողոքի ցույցը բռնի ցրելու կապակցությամբ։

«Ես ակնկալում եմ կոշտ արձագանք եվրոպական մայրաքաղաքներից»,- գրել է Զուրաբիշվիլին X սոցիալական ցանցի իր էջում։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից մինչև 2028 թվականը, ինչպես նաև հրաժարվում է եվրոպական դրամաշնորհներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել