Թեհրանը Մերձավոր Արևելքում ձգտում է կայունության, էսկալացիա չի ցանկանում, բայց միաժամանակ վճռական է ագրեսորին պատժելու հարցում՝ հետագա անկայունությունից խուսափելու համար։ Ինչպես տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները, այս հայտարարությունն արել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Ոչ ոք չպետք է կասկածի ագրեսորին պատժելու և սիոնիստական ռեժիմի արկածախնդիր պահվածքի դեմ զսպող գործոն ստեղծելու մեր վճռականությանը»,- ասել է նա։
Քանանին ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունը միջազգային իրավունքի և միջազգային հանրության կողմից հարգված քաղաքական սովորույթների կոպիտ խախտում է:
«Մենք ընդգծում ենք, որ մենք` որպես Իրանի Իսլամական Հանրապետություն, վճռորոշ և անսասան ենք համարում մեր ազգային անվտանգությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մեր իրավունքը»,- ասել է իրանցի պաշտոնյան։
Նրա խոսքով` աշխարհը պետք է դատապարտի այդ հանցագործությունը։ Եվս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանն իրավունք ունի պատժել ագրեսորին միջազգային իրավունքի շրջանակում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել