Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրել են Բաքվում աստղագնացության 74-րդ միջազգային կոնգրեսի անցկացման մասին՝ Ադրբեջանի Հանրապետության եւ տիեզերական գործակալության (Ազերկոսմոս) եւ Աստղագնացության միջազգային դաշնության գործընկերությամբ։ Կոնգրեսն աշխատանքն սկսելու է այսօր։

ԶԼՄ-ների համաձայն՝ միջոցառմանը մասնակցում են տիեզերական գործակալությունների, պետական սեկտորի, ներդրողների եւ մասնավոր տիեզերական ընկերությունների, տեղի եւ միջազգային ԶԼՄ-ների, ինչպես նաեւ 101 երկրներից 5 000 ներկայացուցիչներ։ Կոնգրեսում ցուցանմուշների տաղավարում  ներկայացված են 150 ընկերություններ։

Ցուցադրանքին մասնակցող ընկերություններից եւ գործակալություններից են. ԱՄՆ աերոնավտիկայի եւ տիեզերական տարածքի ուսումնասիրման ազգային վարչությունը (ՆԱՍԱ), Ճապոնիայի տիեզերական գործակալությունը (JAXA), Իտալիայի տիեզերական գործակալությունը (Agenzia Speziale Italiana), AIRBUS ընկերությունը, Ino կանադական նորարարական կենտրոնը, Ֆրանսիայի CNES տիեզերական հետազոտությունների ազգային կենտրոնը, Հնդկաստանի ISRO տիեզերական գործակալությունը, Türkiye Uzay Ajansı-ն, «Ռոսկոսմոսը»,  միջազգային այլ ընկերություններ։

Հիշեցնենք, որ կոնգրեսը տեղի է ունենում Արցախում Ադրբեջանի ցեղասպանածին գործողությունների եւ դրա հետեւանքով տարածաշրջանի հայ բնակչության զանգվածային արտագաղթի ֆոնին։ Դրան նախորդել էին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմը Թուրքիայի աջակցությամբ, սպառազինությունների արգելված տեսակների եւ Մերձավոր Արեւելքի վարձկանների կիրառմամբ, շարունակական ագրեսիվ գործողությունները քաղաքացիական բնակչության հանդեպ, Արցախի 120 հազար բնակիչների, այդ թվում 30 հազար երեխաների բազմամսյա շրջափակումը, ինչի հետեւանքն էին դարձել սովը, երեխաների եւ ծանր հիվանդների մահը։ Գագաթնակետը դարձավ սեպտեմբերի 19-20-ի մեկօրյա պատերազմը, երբ անընդմեջ հրետանային գնդակոծության ենթարկվեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։

Միջազգային հանրությունը սահմանափակվեց կոչերով եւ դատապարտումներով, որի երկերեսանիությունը վառ ցուցադրում է 101 երկրի մասնակցությունը, այդ թվում բոլոր երեք միջնորդ երկրները։ Նրանք մասնակցում են կոնգրեսի մի երկրում, որի ղեկավարությունն արդեն ոչ թե մինչեւ արմունկները, այլ ամբողջովին թաթախված է արյան մեջ։ Կոնգրեսին մասնակցության հարցը իրավաբանական հարթությունում չէ, այլ բարոյական։ 101 երկիր, որոնք մասնակցում են կոնգրեսին, բոլոր պատվիրակությունների ղեկավարները, որոնք սեղմել են Ալիեւի արյունոտ ձեռքը, նույնպես հանցակից են արցախահայության ցեղասպանությանը եւ արտագաղթին։ Համարժեք արձագանքի բացակայությունը, մարդասպան Ալիեւի հանդեպ հանդուրժողական վերաբերմունքի առկայությունն է հենց  ցանկացած հանցագործության անպատժելիության վստահություն ներշնչել։ Համաշխարհային հանրությունը հերթական անգամ ցույց տվեց, որ փողը հոտ չունի, այս անգամ՝ արյան։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել