Խաղաղության պայմանգրում պետք է հասցեագրվի երկու հարց՝ Հայաստանի եւ Ադրբեւջանի՝ տարածքային ամբողջականության եւ միմյանցից տարածքային պահանջներ չունենալու եւ՝ արցախահայության անվտանգության եւ իրավունքների։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։
«Հայաստանը հանդես է գալիս այն դիրքից, որ մենք ոչ մի տարածքային պահանջ չունենք Ադրբեջանից։ Դուք՝ լրագրողներդ, տարածքային պահանջ ունե՞ք Ադրբեջանից։ Դուք ասո՞ւմ եք՝ Շուշին Հայաստանի տարածք է։ Մենք անհրաժեշտություն ունենք ճշգրտել պետական սահմանները եւ այն տարածքները, որոնք մեր պետություններին են պատկանում։ Արցախահայության իրավունքների եւ անվտանգության հարցի կապակցությամբ պետք է ստեղծվի միջազգային ֆորմատ, որտեղ Բաքուն եւ Ստեփանակերտ պետք է երկխոսեն։ Մեր բանակցությունների տրամաբանությունը փոխվել է այն ժամանակ, երբ Ստեփանակերտը բացակայել է բանակցային սեղանից, որովհետեւ այդպես ստացել է, որ մենք տարածքային վեճ ունենք Ադրբեջանի հետ»,- ասաց Արշակյանը։
Հնարավո՞ր է, որ Բաքուն չհամաձայնի սեղանիուրջ նստել Ստեփանակերտի հետ, եւ պայմանագիրը կնքվի առանց անվտանգության երաշխիքների, Արշակյանն ուղիղ չպատասխանեց․ «Հնարավո՞ր է, որ նոր պատերազմ լինի՝ հնարավոր է, հնարավո՞ր է, որ խաղաղության պայմանագիր չստորագրվի՝ հնարավոր է, որովհետեւ մեր տարածաշրջանում նուրբ են բոլոր գծերը»։
Հարցին, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը կհասկասի Գերագույն խորհրդի ընդունած որոշմանը, Արշակյանը պատասխանեց․ «Եթե մի բան ասվում է, պետք է դրա հետեւից գնալ, հակառակ պարագայում դու հակառակն ես անում։ Միակ դեպքը, որը կոնկրետ տեքստով դրա հետեւից գնացել է դրա հետեւից, «Արցախը Հայաստան է, եւ վերջ» արտահայտությունն է»։
Արշակյանի խոսքով՝ իշխանության դիրքորոշումը ընկալելի է հասարակության համար։ Կարիք կա, որ Հայաստանում այս հարցը դիտարկեն սառը գլխով՝ առանց հուզականության։
«Հայաստանի իշխանությունը ներկայացնում է Հայաստանի դիրքորոշումը, մենք չենք ներկայացնում Արցախի դիրքորոշումը։ Երբ որ մենք խոսում ենք անվտանգային համակարգից, առանց հստակության, թե որն է քո տարածքային ամբողջականությունը, անհնարին է։ Արցախի իշխանությունից ինչ կասեն, ինչ չեն ասի, սա Հայաստանի անվտանգության վերաբերվող հարց է»,- ասաց նա։