Շատ տարիներ առաջ, երբ մենք դեռ պատերազմում հաղթող կողմ էինք, Ցեղասպանության թանգարանում ցուցահանդես էր՝ նվիրված հայ մարզիկներին, որոնց շնորհիվ Թուրքիայում զարգացել էր սպորտը։ Թանգարանի պատերից կախված էին հայ մարզիկների լուսանկարներ, որ հաղթանակ էին բերել Թուրքիային տարբեր օլիմպիադաներում։ Այդ երևելի մարզիկները սպանվել էին 1915 թվականին թուրքերի կողմից։ Հարցազրույց էինք վերցնում այն ժամանակվա տնօրեն Հայկ Դեմոյանից։ Ես էի և մի լրագրող՝ օպերատորի հետ։ Պարզվեց՝ թուրքական լրատվամիջոց են ներկայացնում։ Պատկերացրեք՝ Ցեղասպանության թանգարանում, թուրքերի կողմից սպանված հայ դյուցազունների նկարների հայացքների տակ կանգնած ենք կողք կողքի ես և թուրք լրագրողը։ Ես մոռացել էի, որ լրագրող եմ, որ այդ աղջիկն էլ է լրագրող։ Մի բան էի ուզում՝ տեղում ծեծել նրան։ Հիշում եմ՝ Հայկ Դեմոյանը հավասարակշռված, գրագետ պատասխանում էր։ Մտքումս ասում էի՝ "Ապրե՛ս, Հայկ, կեցցե՛ս, Դեմոյան", ու շարունակում երևակայական ծեծը։ Օպերատորը զգուշացրեց, որ ձայնագրիչս ներքև պահեմ, խանգարում է կադրին։ Ամենապարզ խնդրանքը, որ միշտ լինում է նման ինտերվյուների դեպքում, ինձ հունից հանեց։ Ագրեսիվ պատասխանեցի օպերատորին ու լրագրողին։ Դեմոյանը հայացքով ասաց՝ "Հանգիստ․․․"․․․
Քաղաքակի՞րթ էր իմ այդ պահվածքը։ Ըստ քաղաքակիրթ աշխարհի կանոնների՝ ոչ։ Բայց հարցն այն է, որ ես, այսպես ասած, ծիլն եմ մի հողի, որի քաղաքակրթությունը մորթել էին քաղաքակիրթ աշխարհի առաջ։ Ու՝ ցեղասպանողի ձեռքը բռնող չէր եղել։
Քաղաքակի՞րթ վարք էր ադրբեջանական դրոշ վառելը սպորտային միջոցառմանը։ Չէ, քաղաքակիրթ չէր։ Բայց որտեղի՞ց մեզ քաղաքակրթական էդքան ռեսուրս, երբ 2 տարի առաջ 5000 տղա ենք հողը դրել, հայրենիք ենք կորցրել, էսօր էլ ենք 4 տղա հողը դրել ու չգիտենք՝ ինչ ա լինելու մեզ հետ վաղն առավոտյան։ Ի՞նչ քաղաքակրթություն ենք ակնկալում մի տարածքից, որտեղ 30 տարի վատ կրթություն ա եղել, վատ մշակույթ ա քարոզվել, հաջողակության հերոսները եղել են հասարակության զբրոդը։ Դրանից առաջ էլ՝ քառորդ դարը մեկ, կա՛մ ցեղասպանվել ենք, կա՛մ տեղահանվել ենք, կա՛մ ռեպրեսիաների զոհ ենք դարձել։
Պետք ա ընդունենք, որ մենք վիրավոր, խոցված, կիսախելագար, վշտի մեջ մեզ կորցրած, ներվային ժողովուրդ ենք՝ հազար տեսակ գործակալական ցանցերում խճճված։
Անձամբ ես պատրաստ չեմ ադրբեջանական ծածանվող դրոշ տեսնել կամայական բլրի վրա։ Ուր մնաց՝ Երևանի սրտում։ Գենետիկ ատելություն եմ տածում թուրքի ու ադրբեջանցու հանդեպ։ Չեմ կարողանում լսել նրանց լեզուն։ Չեմ կարողանում հանգիստ նայել այդ դրոշին։ Եվ դա հենց էնպես չի առաջացել։ Դրա համար կան դեռ յոոոթ պորտից ձգվող լրջագույն ու հիմնավոր պատճառներ։ Իմ քաղաքակրթությունը պարբերաբար սրբել-տարել են։ Երկու տարի առաջ՝ հերթական անգամ։ Ու էդպես՝ ամեն օր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել