Մարտի 25-ին ժամը 03։25-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Խնածախ համայնքի վարչական տարածքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Նախնական տվյալներով` ավտոմեքենան ընկել է ձորը և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը, ոստիկանության ծառայողները և «Ստետանակերտի շտապ բժշկական օգնություն կայան» ՓԲԸ բժիշկների խումբը։

Պարզվել է, որ գիշերը` ժամը 03:20-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի 35-ամյա բնակիչ Հ. Պ.-ն, իր վարած «Opel Vectra» ավտոմեքենայով Խնածախ-Ստեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և գլորվել ձորը։

ՃՏՊ-ի հետևանքով տուժած Հ.Պ.-ին փրկարարները դուրս են բերել մեքենայից, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, հոսանքազրկել ավտոմեքենան։

Տուժած քաղաքացին մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` տուժած քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Ստուգմամբ զբաղվում է ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել