Արցախն արդեն ավելի քան 101 օր է՝ բլոկադայի մեջ է: Իրենց էկոակտիվիստ հռչակած, Լաչինի միջանցքն ապօրինի շրջափակած ադրբեջանցիները նախորդ գիշեր բեմ են հավաքել, կրակ վառել, նշել իրենց Նովրուզը: Ամբողջ գիշեր տոնախմբություն են արել, պարել, աղմկել: Նրանցից մեկն անգամ տեսախցիկի առաջ սպառնացել է արցախահայերին: Չնայած այս ամենին՝ հայկական կողմը խաղաղասիրաբար է տրամադրված ու կյանքն այնպես է ապրում, ասես ոչինչ չի պատահել: Մենք զրուցել ենք Արցախում բնակություն հաստատած նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ:

- 101 օր է՝ Արցախը բլոկադայի մեջ է: Ի՞նչ պատկեր ունենք 101 օր անց….

- Եթե անկեղծ լինեմ, ապա կասեմ, որ այս պահին Արցախում շատ ծանր իրավիճակ է: Ոչ այնքան հաճելի մթնոլորտ է ու դժվար վիճակ: Մարդիկ խիստ դժվարությունների ու սպասումների մեջ են այժմ, ինչպեսեւ սպասելի էր: Օր-օրի վիճակը ծանրանում է, բարդանում է, ժողովրդի սպասումները մեծանում են:

- Իրավիճակն ի՞նչ առումով է բարդանում:

- Բարդանում է բոլոր տեսանկյուններից: Մարդկանց հոգեվիճակից սկսած, մինչեւ սոցիալական վիճակ: Շատ կազմակերպություններ ուղղակի չեն աշխատում, անհատ ձեռներեցներ չեն աշխատում, խնդիրները բազում են` վառելիքի խնդիր, մասսայական գործազրկություն: Խանութներից շատ-շատերը փակվել են, որովհետեւ ապրանք չկա ընդհանրապես: Բանջարեղենի խանութներն առհասարակ չկան: Համատարած քաոս ամենուր:

- Նիկոլ Փաշինյանն օրերս նշեց, որ թշնամին կարող է նոր ռազմական գործողությունների դիմել, նաեւ ակնարկեց, որ հայկական կողմը մինչեւ տարեվերջ պետք է բավարարի թշնամու պահանջները:

- Նիկոլ Փաշինյանը մարդկանց ասում է․ ես պետք է կռանամ, դուք էլ՝ ինձ հետ միասին: Նա մարդկանց նախապատրաստում է նոր զիջումների: Հիմա էլ նոր ձեւ է գտել: Նախկինում ոչինչ չէր ասում, հիմա նոր մեթոդ է մշակել, ասում է՝ եթե Արցախը հանձնեմ, չզարմանաք:

- Արցախում Փաշինյանի հայտարարություններն ինչպե՞ս են ընկալվում:

- Այստեղ մարդիկ Փաշինյանի հայտարարություններին չափազանց բացասական են վերաբերվում: Արցախում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները խիստ անընդունելի են:

- Ձեր կարծիքով` ե՞րբ եւ ինչպե՞ս կարող է Լաչինի միջանցքը բացվել:

- Ճանապարհը կարող է բացվել այն ժամանակ, երբ միջազգային կառույցներն ավելի լուրջ գտնվեն եւ միջոցներ ձեռնարկեն:

- Հաագայի դատարանի վճիռն ինչո՞ւ շրջանցեց Ադրբեջանը:

- Տեսանք, որ ոչ մի արդյունք չտվեց Հաագայի դատարանի վճիռը: Սա փաստ է:

- Ռուս խաղաղապահների դեմ դժգոհության ալիքը Հայաստանում մեծանում է: Հետաքրքիր է` ինչպե՞ս են այդտեղ մարդիկ վերաբերվում խաղաղապահներին:

- Իրականում այդ խնդիրն Արցախում էլ կա: Գուցե օբյեկտիվ է, գուցե՝ ոչ: Այնուամենայնիվ, Ռուսաստանն ունի պարտավորություններ, որոնք չի կատարում: Նույնը նաեւ Հայաստանին է վերաբերում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել