Armenpress.am-ը գրում է.

Արցախում Ստեփանակերտի ու Բաքվի միջև բանակցային գործընթացը հնարավոր են համարում միայն ու միայն միջազգային ձևաչափում ու ստանձնած պարտավորությունների կատարման երաշխիքների առկայության պայմաններում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում այս մասին ասաց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 100-րդ օրվա կապակցությամբ կազմակերպված ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե ո՞ր դեպքում Բաքու- Ստեփանակերտ հանդիպումները կարող են դառնալ բանակցություն:

Սերգեյ Ղազարյանը հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմից հետո ռուս խաղաղապահների միջնորդությամբ Բաքվի և Ստեփանակերտի միջև տեղի են ունեցել հանդիպումներ՝ կապված տարբեր հումանիտար, տեխնիկական հարցերի հետ: Ընդ որում, ադրբեջանական կողմը փորձել է խեղաթյուրել վերջին հանդիպման օրակարգը:

«Սակայն այդ հանդիպման նպատակը կայանում էր նրանում, որ քննարկվեին ապաշրջափակման իրավիճակով պայմանավորված էլեկտրամատակարարման, գազամատակարարումների խափանման հետ կապված հարցերը: Ադրբեջանական կողմի հանդիպման օրակարգը խեղաթյուրելու փորձերն անընդունելի են: Սակայն միևնույն ժամանակ մենք, ռուսական խաղաղապահների միջնորդությամբ, նույն ձևաչափով պատրաստ ենք նշված հարցերի լուծման համար հանդիպումներ ունենալ»,-ասաց Ղազարյանը:

Իսկ ինչ վերաբերում է լիարժեք բանակցային գործընթացին՝ նախարարն ասաց. «Բազմիցս նշել ենք, որ միայն ու միայն միջազգային ձևաչափում կարող են տեղի ունենալ նման հանդիպումներ: Հիմնավորումները բավականին պարզ են»:

Նա նկատեց՝ եթե անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում ընթացող բանակցություններով ձեռքբերված բանակցություններն Ադրբեջանը խախտեց, ինչպե՞ս կարող է երկկողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունները չխախտել: «Միայն միջազգային ձևաչափով և նման գործընթացի կարևորագույն բաղադրիչը պետք է լինեն ստանձնած պարտավորությունների կատարման երաշխիքները»,-ասաց ԱԳ նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել