Հայտնի է դարձել, որ Արդարադատության նախարարությունը «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն է իրականացրել ու պատրաստվում է կրկնապատկել քննչական կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրությունը՝ նրանց համար ամսական 92% հավելավճար սահմանելով: Ըստ այդմ՝ ոչ անհայտ Քյարմայան Արգիշտիկը, որ դեռ երիտասարդ՝ հետհեղափոխական շրջանում հասցրել է զբաղեցնել այնպիսի առանցքային պաշտոններ, որոնց մասին միայն երազում են ուժային կառույցներում տասնամյակներով կյանք մաշող «կադրավիկները», կստանա մոտ 2 մլն դրամ:

Հետաքրքիր է, որ Արգիշտիկի աշխատավարձի մասին Նիկոլը,փաստորեն, մտահոգվել է Ազատի դեպքերից հետո կամ դրանց զուգահեռ՝ ողբերգական իրադարձություն, որի կոծկմանն այժմ լծվել է ողջ պետական ապարատը՝ սկսած մոտ 5000 դոլար աշխատավարձ ստացող ու Նիկոլին պարբերաբար զեկուցող Վարդապետյան Աննայից մինչև 4000 դոլար աշխատավարձի ախորժակ ունեցող Քյարամայան Արգիշտիկ:

Շատ խորաթափանց պետք չէ լինել՝ հասկանալու, որ պետական փողերի հերն անիծելու հերթական արարը պայմանավորված է Նիկոլի ձգտումներով՝ նույն ՔԿ-ին իր կրնկի տակ կատարելապես հնազանդեցնելու. այսուհետ Նիկոլն է թիվ մեկ «օպերատիվ դեդեկտիվը»՝ նախապես բոլոր ողբերգությունների ու հանցագործությունների ինչ լինելն իմանալով: Ինչ որ կասի, դա էլ որպես հիմք կընդունի Արգիշտիկը ու իր մասնագետների օգնությամբ կհիմնավորի: Ասեց, որ սպան 5 լիտրանոց բենզինի տարան դատարկել է վառարանի մեջ, նույնը կրկնեց Արգիշտիկը, վաղն ուրիշ հեքիաթ կպատմի, չի վարանի հաստատել 44-օրյա պատերազմում հայկական կողմի պարտության գաղտնիքներն իր սրտում պարփակած ջահելը:

Ջահելին ին՞չ, ջահելը փողի տերն է…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել