ՌԴ ԱԳՆ-ն, պատասխանելով լրատվամիջոցներիր հարցերին, անդրադարձել է Անդրկովկասում Ռուսաստանի ռազմավարական ծրագրին, ինպես նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացին:

«Անդրկովկասյան հանրապետությունների հետ մեզ կապում է ընդհանուր պատմությունը, հոգևոր և մշակութային մտերմությունը, ժողովուրդների միջև ամուր բարեկամական կապերը։ Ռուսաստանը, որն ուղղակիորեն սահմանակից է Հարավային Կովկասին, շահագրգռված է այս տարածաշրջանի կայունությամբ և բարգավաճմամբ, դրա տրանսպորտային, լոգիստիկ, առևտրային, ներդրումային և տեխնոլոգիական հնարավորությունների փոխշահավետ օգտագործմամբ և զարգացմամբ։ Հենց դրան է ուղղված մեր դիվանագիտությունը։

Մենք ինտենսիվ աշխատում ենք տարածաշրջանում կուտակված հակամարտային ներուժը հաղթահարելու ուղղությամբ։ Այս առումով առաջնահերթ խնդիրներից է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Դրա հիմքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի հայտարարություններն են: Մենք համոզված ենք, որ գործընթացի հաջողությունն ամբողջությամբ կախված է այս եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանումից։

Մենք նպատակ ունենք խթանել 2021 թվականի դեկտեմբերին մեկնարկած «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, ինչպես նաև Ռուսաստան, Իրան և Թուրքիա) աշխատանքը:

Այս հարթակը, որտեղ նախատեսվում է կենտրոնանալ տարածաշրջանային խաղացողների շահերից բխող համագործակցության ամրապնդման գործնական խնդիրների վրա, համարում ենք օգտակար և արդիական։

Ինչ վերաբերում է Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը, ապա հենց Ռուսաստանի հովանու ներքո այդ ձեռնարկումը մեկնարկեց 2022 թվականի հունվարին, երբ Մոսկվայում առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռ. Ռուբինյանը և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը: Երկուսի հետ էլ սերտ կապի մեջ ենք։ Մենք ողջունում ենք վերջին զարգացումները, որոնք հեռանկարներ են բացում հայ-թուրքական կապերի վերականգնման համար, ինչը կնպաստի տարածաշրջանային իրավիճակի հետագա բարելավմանը», -ասվում է  ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել