Lurer.com-ը գրում է.

Ճապոնիան և Նիդեռլանդները կսահմանափակեն չիպերի արտահանումը Չինաստան։ Դա տեղի կունենա այն բանից հետո, երբ երկրները համաձայնագիր կկնքեն ԱՄՆ-ի հետ, կիրակի հայտնել է Financial Times-ը։ Թերթը վկայակոչում է մի քանի աղբյուրների, որոնք ծանոթ են եռակողմ համաձայնագրին։

«Եռակողմ համաձայնագրին ծանոթ մի քանի մարդ ասել է, որ երկրները համաձայնության են եկել ուրբաթ օրը՝ Սպիտակ տանը բարձր մակարդակի բանակցությունների վերջին փուլից հետո»,- ասվում է հոդվածում։

Աղբյուրները FT-ին հայտնել են, որ Ճապոնիան, Նիդեռլանդները և ԱՄՆ-ն որոշել են չհրապարակել համաձայնագրի մանրամասները՝ քննարկումների զգայուն բնույթի պատճառով։ Վաշինգտոնը ցանկանում էր Ճապոնիային և Նիդեռլանդներին հնարավորություն տալ որոշելու, թե ինչպես պետք է զեկուցեն սահմանափակումների մասին, գրում է թերթը: Անհասկանալի է մնում, թե երկրներն ինչ մեխանիզմներով են սահմանափակումներ մտցնելու իրենց չիպերի ընկերությունների համար, ասվում է հոդվածում։

Համաձայնագիրը ձեռք է բերվել երեք ամիս այն բանից հետո, երբ Վաշինգտոնը միակողմանի արտահանման հսկողություն սահմանեց, որը թույլ չի տալիս ամերիկյան ընկերություններին չինական խմբերին վաճառել չիպերի արտադրության առաջադեմ սարքավորումներ:

ԱՄՆ նախագահի վարչակազմը FT-ի մեկնաբանություններ չի տվել։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել