Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Nissan XTrail մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չայնիի ոլորաններում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին և առաջ ընթանալով՝ շրջվելով հայտնվել «Արձագանք» արձանի տարածքում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել օպերատիվիրեն ժամանած ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն ու ՀՀ Ներքին Գործերի Նախարարության Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի պարեկները։

Օպերատիվ են գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել