Armenpress.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման միջազգային արձագանքներին ու դրանց արդյունավետությանը, Ադրբեջանի հետապնդած նպատակներին և այլ հարցերի:  

-ՌԴ արտաքին գործերի նախարար  Սերգեյ  Լավրովը  օրերս հայտարարել էր, որ  ռուսական  խաղաղապահ զորակազմը, որը եռակողմ հայտարարությամբ լիազորված  է վերահսկել Լաչինի միջանցքով երթևեկությունը, ունի տրանսպորտային միջոցները ստուգելու բոլոր հնարավորությունները: Կխնդրեինք մեկնաբանել  այս հայտարարության ուղերձը՝ հատկապես նկատի ունենալով հետևյալ ձևակերպումը. «Խաղաղապահ զորակազմն ունի տրանսպորտային միջոցները ստուգելու բոլոր հնարավորությունները»:  

-Շրջափակման ընթացքում ՌԴ ԱԳ նախարարի կողմից միջանցքի հետ կապված ձևակերպումներից հետո առանցքային հարցը հետևյալն է, հնարավո՞ր է ապաշրջափակման հասնել ռուսական կողմի ազդեցությամբ և առանց նախապայմանների՝ ՌԴ  2020 թ. նոյեմբերի 9-ի ստանձնած պատասխանատվության շրջանակներում: Ըստ վերջին քննարկումների հերթականության՝ հունվարի 17-ին տեղի էր ունեցել Լավրով-Բայրամով հեռախոսազրույց, որի ընթացքում ՌԴ ԱԳՆ նախարարն ընդգծել էր  «Լաչինի միջանցքով երթևեկության շուտափույթ ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը՝  2020 թվականի նոյեմբերի 9-ի բարձր մակարդակով եռակողմ հայտարարության մեջ   ամրագրված պարամետրերին համապատասխան», իսկ հունվարի 18-ին 2022 թ. ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում Սերգեյ  Լավրովը հղում էր կատարել այս հեռախոսազրույցին: Նրա  կողմից վերահաստատվել է Ռուսաստանի Դաշնության՝ եռակողմ պայմանավորվածությամբ ստանձնած լիազորությունները ստուգելու երթևեկությունը և տրանսպորտային միջոցները։ ՌԴ արտգործնախարարը միաժամանակ ճգնաժամի հանգուցալուծման ծանրության կենտրոնը որոշակիորեն տեղափոխել էր Ադրբեջան-Արցախ կողմերի լուծման դաշտ. նախարարի կողմից նշվել  էր այն մասին, «որ Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Ղարաբաղի ներկայացուցիչների հետ՝ ռուսական զորախմբի հրամանատարի մասնակցությամբ»:  Ըստ հունվարի 18-ի Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի հաղորդագրության՝ ադրբեջանական կողմի հետ հունվարի 15-ի հաղորդակցությունը միջանցքի վերաբացման ուղղությամբ որևէ արդյունք չէր արձանագրել: Ապաշրջափակման փոխարեն առայժմ Ադրբեջանը բլոկադայի «սողացող հյուծման մարտավարության» գործիքակազմն է զարգացնում՝ նպատակ ունենալով Արցախին ստիպելու գնալ զիջումների: Բլոկադան բացասական իմաստով ստատուս քվո է արձանագրել: Գործնականում Ադրբեջանի նկատմամբ պատժիչ և զսպման մեխանիզմները միայն կարող են նրան ստիպել առանց նախապայմաններ թելադրելու վերադառնալ նոյեմբերի 9-ի փաստաթղթին:

-Որքանո՞վ է իրատեսական միջազգային հանրության  և ուժային կենտրոնների ազդեցությամբ շրջափակման վերացումը: Միջազգային հանրության կողմից Ադրբեջանի այս հակամարդկային գործողության հանդեպ ընդհանուր առմամբ ի՞նչ վերաբերմունք է արձանագրվել: Արդյոք միայն գնահատականներն ու հայտարարությունները բավարար ե՞ն: Ձեր կարծիքով, ի՞նչը կարող է գործնականում նպաստել խնդրի լուծմանը:

- Խնդիրը միջազգայնացման բարձր մակարդակ է արձանագրել:  Մենք գնահատում ենք այն միջազգային համակրանքը և աշխատանքը, որն իրականացվում է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի լիակատար բլոկադայի քաղաքական օբյեկտիվ փաթեթը ձևավորելու ուղղությամբ: Բլոկադայի շուրջ ձևավորված փաստաթղթային փաթեթը պետք է խմբագրի այն ուժային կենտրոնների մոտեցումները, որոնք Արցախին Ադրբեջանի հետ համակեցություն էին առաջարկում:Հակամարտության լուծման նոր հայեցակարգային մոտեցումները պետք է կառուցվեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման  հիմքով: Շրջափակման առաջին իսկ օրերից միջազգային հանրությունը դատապարտում և կոչ է անում անհապաղ վերացնել  Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, կարևոր էր հատկապես ՄԱԿ ԱԽ նիստը և այնտեղ հնչած ելույթները, բայց միջազգային հանրության ցավալի բացթողում եմ համարում կոնսեսուսային հայտարարության բացակայությունը: Կարևորում եմ նաև հունվարի 16-17-ին  ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստի բովանդակային ելույթները: Եթե փորձեմ ընդհանուր գծերով առանձնացնել ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ ԵԱՀԿ մշտական ներկայացուցիչների ելույթները, /որպես նաև համանախագահներ/, ապա կոչ արվեց հետևել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությանը, անհապաղ և առանց նախապայմանների վերականգնել Լաչինի միջանցքի ազատ և անվտանգ տեղաշարժը, չխորացնել հումանիտար ճգնաժամը:  Կարևոր էր ՄԻԵԴ հետևողականությունը Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին որոշումը ԵԽ նախարարների կոմիտեին հրատապ ծանուցման կարգով ուղարկելու հարցում: Եվրոպական դաշտում վերջին կարևոր արձանագրումն էր հունվարի 18-ի Եվրախորհրդարանի «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույց» (CFSP) բանաձևի համալրված ձևակերպումը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ: Հունվարի 19-ին ընդունվեց նաև Եվրախորհրդարանի «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետևանքները» դատապարտող բանաձևը: Այս միջազգային քննարկումները և ճնշումները, կատարված հսկայական աշխատանքն, իհարկե, մեծապես գնահատվում են մեր կողմից,  բայց քանի դեռ շրջափակումը շարունակվում է, ապա դրանք բավարար չի կարելի համարել: Ադրբեջանին խաղաղեցնելու կուրսը, որը տարվում էր 2020 թվականից,  պետք է վերափոխվի միջազգային պատժամիջոցների գործիքակազմով գործնական զսպումների կուրսի:

- Ընդհանուր առմամբ, ըստ Ձեզ, նվազագույն և առավելագույն ի՞նչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը՝  բնապահպանական քողի տակ փակ պահելով Լաչինի միջանցքը:

- «Արցախն առանց հայերի».  սա է Ադրբեջանի առավելագույն հաշվարկը Արցախի հարցում, նվազագույն հաշվարկներ չկան: Ադրբեջանն ընտրել է Արցախի անարյուն հյուծման մարտավարությունը: Ադրբեջանի հայատյացության գործողությունների համախումբն ընդգրկում է «սողացող» էթնիկ զտումների, «սողացող օկուպացիայի», ահաբեկչության քաղաքականությունը: Հումանիտար աղետի պայմաններում է հայտնվել Արցախի 120000 բնակչությունը, մեր գլխավոր առանցքային մտահոգությունը շրջափակման պայմաններում հայտնված 30 հազար  երեխաներն են, որոնք առավել սուր են կրում բլոկադայի հոգեբանական, սոցիալական և ֆիզիկական հետևանքները: Հայտնի դեպքը, երբ մի խումբ արցախցի երեխաներ Գորիսից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ վերադառնալու ճանապարհին ենթարկվեցին ադրբեջանցիների կողմից կազմակերպված հոգեբանական բռնության, պետք է դատապարտվի միջազգային իրավական հարթակներում:

Վան Նովիկով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել