Լաչինի միջանցքի արգելափակումը կարելի է դիտարկել նոր ստատուս քվոյի համատեքստում, որը հաստատվել է 2020 թվականի նոյեմբերին՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներով, եւ անցյալ տարվա իրադարձությունների համատեքստում։ Այս մասին, հյուրընկալվելով NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման տաղավարում, ասաց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։

Նա նշեց, որ ռուս դիվանագետները դիմում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, սակայն անցյալ տարի Բաքուն վերանայել է այդ համաձայնագրերը, մանրամսան, աստիճանաբար, քայլ առ քայլ՝ հետ մղելով կարմիր գծերը։

«Այս մարտավարությունը կիրառվել է մարտին Փարուխ գյուղում, Լաչինում, երբ Ադրբեջանը հայտարարել էր, որ պետք է սեփական ճանապարհը տրամադրի եւ վերահսկի այն, թեեւ այդ նախագիծը պետք է իրականացվեր 2023-ին, ոչ թե 2022-ին։ Այնուհետեւ հաջորդեցին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները։

Այսօր Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջումների, բայց մինչեւ 2020 թվականը Հայաստանն էլ այդքան պատրաստ չէր դրանց։

Հայաստանը ուժեղ դիրքերում էր, հիմա ամեն ինչ փոխվել է։ Ադրբեջանը ցանկանում է վերցնել ամեն ինչ։ Այդ ձգտումն ակնհայտ է։

Եթե նայենք արտերկիր մեկնած երիտասարդ ադրբեջանցիների հայտարարություններին, նրանք կարծում են, որ պատերազմը մինչեւ վերջ չի հաղթել, Ալիեւը ժապավենը հետ է տվել մինչեւ 1991 թվական, Մոսկվան վերահսկում է նրան, ինչպես ժամանակին վերահսկում էր Ադրբեջանի կուսակցական ղեկավարությանը պերեստրոյկայի վերջում, եւ նա ստիպված է այս իրավիճակում արձագանքել»,- ընդգծեց Մարկեդոնովը:

Նա կարծում է, որ կան որոշ հասարակական տրամադրություններ, դժգոհություն, կա անավարտ հաղթանակի զգացում, եւ Ալիեւը ցանկանում է ավարտել խաղը։

«Այս իրավիճակում այնքան էլ չի ստացվում խոսել ինչ-որ երկխոսության մասին։ Իլհամ Ալիեւը բազմիցս ասել է, որ Հայաստանը պարտվել է, իսկ պարտվողները չեն կարող պայմաններ թելադրել, նա խոսել է հինգ կետի մասին։ Լաչինի ճգնաժամը լիովին տեղավորվում է այս տրամաբանության մեջ»,- հավելեց փորձագետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել