«Տարիներ շարունակ մենք խոսում ենք բանակից, տարիներ շարունակ՝ պատերազմից առաջ եւ հետո բարձրաձայնում ենք, թե ինչ է կատարվում բանակում»,- անդրադառնալով Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասում հրդեհի հետեւանքով 15 զինվորների զոհվելու ողբերգական պատահարին՝ ասաց «Սեւ հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ, ազատամարտիկ Սերոբ Գասպարյանը:

«Սատանիստները, այսպես կկոչեմ սրանց, որովհետեւ սրանք մահաբեր են, բանակում բարեփոխումներ անելու, զինելու փոխարեն չարեփոխում են անում: Այս մարդկանց՝ իշխանության գալուց մահը տարաժամ մտավ Հայաստան, ամենուր մահ, սպանություն, ինքնասպանություն, հանցագործություն: Այս մարդիկ, սա սատանիզմն է, էս մարդիկ սատանիստներ են, մահ բերեցին մեր երկիր: Հենց խնդիրը դրանում է, քանի սրանք կան, նմանատիպ դեպքերը լինելու են»,- ասաց Գասպարյանը:

Մեր հարցին, թե ընդդիմությունը պարբերաբար ահազանգում է, որ այս դեպքերը բանակում անփութության, անկազմակերպվածության, բեսպրեդելի, իրենց խոսքով` բարդակի արդյունք են, վերջինս ասաց, որ բանակում պետք է լինի կարգուկանոն, բանակը պետք է ունենա զորամաս:
«Սրանք զորամասը հանձնեցին թուրքերին, ինչ-որ տնակների մեջ են զինվորականներին տեղավորում: Վարչապետ կոչվածը, որ ասում է՝ զորամասի կացարանում, ի՞նչ զորամասի մասին է խոսքը, սրանք զորամասերը հանել են վաճառքի, իսկ նախկինները, որ ասում են բարդակ՝ իրենց օրով էլ էր բարդակ, թող ձայն չհանեն: Երեսուն տարի մեր բանակը բարդակ սարքեցին, երեսուն տարի գողական, հանցագործ, էլ չգիտեմ ոնց ասեմ, այդ օրենքները սկսեցին մեր բանակում գործել, դրա համար էլ եկավ հասավ այս վիճակին: Սրանք կրկնապատկեցին, եռապատկեցին, քառապատկեցին այդ բարդակը Հայաստանում, որովհետեւ սրանց 90 տոկոս կարեւորագույն պաշտոն զբաղեցնողները բանակում չեն ծառայել, չգիտեն ինչ է բանակը»,- շեշտեց Գասպարյանը:
Ինչ վերաբերում է պատերազմից հետո հայտարարված բարեփոխումներին, Գասպարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք զորամասերը ջեռուցվո՞ւմ են, ի՞նչ վիճակում են շփման գոտին հսկում հայ զինվորականները, ի՞նչ պայմաններում են գիշերում, ի՞նչ սնունդ են ստանում, ինչին Գասպարյանը նախ զարմանքով արձագանքեց՝ ջեռուցո՞ւմ, ի՞նչ ջեռուցման մասին է խոսքը, մնում են ձյան մեջ, ցեխի մեջ, հողի վրա, հողի տակ, վրանում, պոլիէթիլենային կտորների ծածկի տակ:

«Եթե առաջնագծում մի քիչ նորմալ հրամանատար կա, նա իր շրջապատի, ընկերների, հարազատների շնորհիվ կարողանում է մի քիչ կարգավորել այդ առաջնագիծը, որ զինվորները գոնե նորմալ կարողանան քնել: Թե չէ` ի՞նչ ջեռուցում, զինվորները փայտ են կտրում, մեշոկները լցնում են ՝ տանում են վառում»,-ասաց Սերոբ Գասպարյանը:

Ազատամարտիկը կարծում է, որ այս անմխիթար վիճակի թիվ մեկ պատասխանատուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է, երկրորդը` Ռոբերտ Քոչարյանը, երրորդը՝ Սերժ Սարգսյանը. «Համար չորս՝ այս սատանիստները, իրենց ամբողջ կառավարության կազմով: Երկու օր առաջ լսում եմ Գուրգեն Արսենյանի հարցազրույցը՝ ինձ թվաց՝ կա՛մ Էրդողանն է խոսում, կա՛մ Ալիեւը: Սրանք էս են՝ թրքահպատակ, ունեցել ենք չորս նախագահ՝ էն պաղպաղակ լպստողն էլ հետները, հինգերորդը, բոլորը միասին, համատեղ ջանքերով կործանեցին Հայաստան աշխարհն ու կործանում են հիմա էլ: Մի հատ ստատիստիկան նայեք, տեսեք՝ էս մարդկանց գալով տասնյակ հազարավոր մարդիկ են մահացել ու դեռ շարունակում են մահանալ: Մահը տարաժամ է Հայաստանում, սրանք մահ բերեցին, մահաբեր են սրանք: Թե՛ թմրանյութերով է լցված երկիրը, թե՛ ինքնասպանություններով, հանցագործություններով, գողություններով: Ես ցավակցում եմ տղաների հարազատներին, մեր ժողովրդին, որ այս օրին է հասել»:

Նա շեշտեց, որ այսօր Հայաստանում, ցավոք, հայը փոքրամասնություն է, ու վիժվածքներ կան, որոնք վարձատրվում են ու հայտարարում, որ հայը դավաճան է, հայը ծախվող է, հայը ժեխ է. «Ժեխն ինքներդ եք, նման քարոզչություն անողները խառնածիններ են, այս ամեն ինչը անողները, կազմակերպողները հայի տեսակի հետ կապ չունեն: Նույնիսկ արդեն բանակ ասելն էլ մի տեսակ ամոթ է, անհարմար է, ո՞ւր է բանակ»:

Մեր հարցին, թե ինչ պետք է անել, որ ստեղծված իրավիճակից դուրս գանք, Գասպարյանն ասաց, որ իրենք չեն բարձրաձայնում իրենց արածը, իրենք ֆեյսբուքյան լայվային հայրենասերներ չեն, իրենք լայվերով կոչ չեն անում՝ հավաքվել ու գնալ սահման, փոխարենը գործ են անում, որի արդյունքը շուտով կերեւա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել