168.am-ը գրում է․

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր հրամանագրով ցրել է խորհրդարանի ստորին պալատը՝ Մաժիլիսը, և մարտի 19-ին նշանակել արտահերթ ընտրություններ: Այս մասին հաղորդում է «Интерфакс» գործակալությունը:

Մեկ այլ հրամանագիր ենթադրում է նաև տեղական ներկայացուցչական մարմինների՝ մասլիխաթների վաղաժամկետ լուծարում։ Մասլիխաթների բոլոր մակարդակների պատգամավորների ընտրությունները կնշանակվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։

Հրամանագրերը նախագահն ստորագրել է վարչապետի և խորհրդարանի երկու պալատների խոսնակների հետ խորհրդակցություններից հետո։

Տոկաևը հիշեցրել է, որ այժմ Մաժիլիսի պատգամավորների 70%-ը կընտրվի կուսակցական ցուցակներով, իսկ 30%-ը՝ միամանդատ ընտրատարածքներում։

Խառը ընտրակարգի համաձայն՝ 50:50 հարաբերակցությամբ կանցկացվեն նաև հանրապետական նշանակության մարզերի ու քաղաքների մասլիխաթների ընտրություններ։ Մարզային նշանակության շրջանների և քաղաքների մասլիխաթների ընտրություններում քաղաքացիները կքվեարկեն միայն միամանդատ ընտրատարածքների թեկնածուների օգտին։

Հունվարին տեղի են ունեցել խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի ընտրությունները։ 20 սենատորներն ընտրվել են բոլոր տարածաշրջանների ընտրողների քվեարկության արդյունքներով։ Երկու պալատների արտահերթ ընտրություններն անցկացվում են երկրի ընտրական համակարգի փոփոխության կապակցությամբ:

Տոկաևը խորհրդարանական ընտրությունները մինչև 2023 թ. հունիսն անցկացնելու մասին հրամանագիրն ստորագրել էր 2022 թ. նոյեմբերի 26-ին՝ այն օրը, երբ նա արտահերթ ընտրություններից հետո վերստին ստանձնեց նախագահի պաշտոնը:

Տոկաևն արտահերթ ընտրությունները նախաձեռնել է Սահմանադրությունը փոխելուց և սահմանադրական օրենքներն ընդունելուց հետո, որոնք, մասնավորապես, փոխել են նախագահի լիազորությունները՝ սահմանափակելով նրա ընտրվելու հնարավորությունը միայն մեկ՝ յոթ տարի ժամկետով։ Հակառակ դեպքում հերթական նախագահական ընտրությունները Ղազախստանում կկայանային 2024 թ.-ին, իսկ խորհրդարանական ընտրությունները՝ 2025թ.-ին։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել