Ճանաչողական այցով հունվարի 18-ին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» է այցելել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ Ան Ցյանը։ Ինչպես Տեղեկանում ենք փորձագիտական կենտրոնի տարածած հաղորդագրությունից, «ՀԱՓԿ» ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պարոն Ցյանին այցելության համար։

«Հայ-չինական հարաբերությունները սերտ են, չինացի ժողովուրդը մշտապես ջերմ է վերաբերվում Հայաստանին։ Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացված վերջին ռազմական գործողությունների ընթացքում հրթիռակոծման ու հրետակոծման են ենթարկվել ՀՀ բազմաթիվ բնակավայրեր, ինչի հետևանքով ականներով ու պայթունավտանգ զինամթերքներով աղտոտված տարածքներն ավելացել են: Այս հանգամանքն ակնհայտ վտանգում է խաղաղ բնակչության ազատ տեղաշարժին ու բնականոն կենսագործունեության իրականացմանը: Այդ իսկ պատճառով ականզերծումը մնում է հրատապ լուծման օրակարգային հարց»,- նշել է Վաղինակ Սարգսյանը և հույս հայտնել, որ հումանիտար ականազերծման ոլորտում Հայաստանի և Չինաստանի միջև կստեղծվի հիմք համագործակցութուն համար և այն կունենա զարգացում:

Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ պարոն Ան Ցյանն իր խոսքում կարևորել է հումանիտար ականազերծման դերակատարությունը մարդկանց անվտանգությունն ապահովելու գործում։

Ճանաչողական այցի ընթացքում պարոն Ցյանը ծանոթացել է «ՀԱՓԿ» գործունեությանը, ուսումնական բազայի կարողություններին: Քննարկվել են հումանիտար ականազերծման ոլորտում համագործակցության հնարավոր ուղիները, փորձի և գիտելիքների փոխանակման հարցերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել