ԿԳՄՍ նախարար նշանակված Ժաննա Անդրեասյանը երեկ դժկամությամբ, բայց պատասխանեց մի քանի հարցի իր նշանակման, ղեկավարած ոլորտում բարեփոխումների եւ նոր ծրագրերի հետ կապված։ Իսկ երբ հասանք թերեւս նրա համար ցավոտ կետին, թե շարունակո՞ւմ է արդյոք պնդել, որ նժդեհյան գաղափարախոսությունը ֆաշիստական գաղափարախոսություն է, տիկին Անդրեասյանը խառնվեց իրար ու սկսեց ուղիներ փնտրել, որ խուսափի հարցին ուղիղ պատասխանելուց։ Հիշեցնենք, որ Ժաննա Անդրեասյանն այդպիսի միտք արտահայտել էր մոտ տասը տարի առաջ՝ 2012 թվականին տված մի հարցազրույցում, որտեղ նշել էր․ «Նժդեհական գաղափարախոսությունը, ըստ էության, ֆաշիստական գաղափարախոսություն է նշանակում։ Նժդեհյան գաղափարախոսությունը՝ ինքը, իրականում, շատ վտանգավոր է մեզ համար՝ որպես հասարակություն, 21-րդ դարում»։

Երեկ, երբ այս հարցը նրան ուղղեցինք, նորանշանակ նախարարն անակնկալի եկավ․ «Որտե՞ղ եմ ես էդպես պնդել»։ Ասացինք՝ տարիներ առաջ, հարցազրույցներից մեկում։ «Դրան ես առանձին կանդրադառնամ, որովհետեւ ինչին Դուք հղում եք, դա որոշակի կոնտեքստում եւ որոշակի իրավիճակում դիտարկումներ են, կարծում եմ՝ նույնչափ գոնե պետք է ժամանակ հատկացնել դրան» (նկատի ունի՝ պարզաբանմանը)։ Այսինքն՝ չե՞ք հերքում, ամեն դեպքում։

«Ի՞նչը չեմ հերքում, որ տեսանյութում ե՞ս եմ՝ ոչ»։ Ոչ, նկատի չունենք տեսանյութում իր անձի մասը, այլ այն, որ ինքը նման մտքեր է արտահայտել եւ այսօր էլ կարծում է, որ նժդեհյան գաղափարախոսությունը ֆաշիստական գաղափարախոսություն է։ Պատասխանը նորից խուսափողական էր․ «Դուք չեք ստանա ինձնից պատասխան հարցին, որին, ես կարծում եմ, այդ ձեւաչափով պետք չէ պատասխանել»։ Կարծում եք՝ սխալմո՞ւնք է տեղի ունեցել, կամ սխա՞լ եք ասել այն ժամանակ։ Անդրեասյանն անդրդվելի էր․ «Ես ասում եմ այն, ինչ ասում եմ»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել