168.am-ը գրում է.

Թշնամու կողմից Արցախի շրջափակման 38-րդ օրը մարդիկ  դժվարություններ հաղթահարելով՝ շարունակում են պայքարել հանուն իրենց հողում ապրելու։

Արցախի մի քանի բնակիչ, որոնք աշխատում են Ստեփանակերտի շուկայում, 168.am-ի հետ զրույցում ասացին՝  օր օրի իրավիճակն էլ ավելի է դժվարանում։

«Շուկայում մնացել են միայն չոր-չոր բաներ վաճառողները, էլ սնունդ չկա, որ մարդիկ բերեն վաճառեն, շարժն ամբողջությամբ կանգնած է։ Անգամ ժենգյալով հաց պատրաստողներն են կիսատ-պռատ գալիս գործի, ձյունը որ եկել է, էլ կանաչի չկա։ Այսօր մի քիչ կանաչի էին բերել շուկա, բայց կրկնակի թանկ էին վաճառում, նախկինում կիլոգրամը 1000-1200 դրամ էին վաճառում, իսկ հիմա, որ քիչ է, 2000 դրամով են վաճառում։ Ժենգյալով հաց թխողներն էլ, որ տասնյակ տարիներ այն 500 դրամով էին վաճառում, հիմա ստիպված գինը 100 դրամով բարձրացրել են, դարձրել են 600, որ գոնե կարողանան իրենց տեղի գումարը տան»,- ասացին մեր զրուցակիցները։

Արցախցի կանայք ասացին, որ այսօրվանից մեկնարկել է մի շարք ապրանքների համար կտրոնների տրամադրման գործընթացը, խանութից կտրոնով և սահմանված չափով պետք է առևտուր անեն։ Ասում են՝ ճիշտ է, դժվար է, բայց ըմբռնումով են մոտենում, գիտակցում են, որ պայքարի ճանապարհը հեշտ չի լինելու․

«Արդեն 38-րդ օրն է, որ թշնամին մեզ շրջափակման մեջ է պահում, փորձում է վախեցնել, բայց 38 չէ, 380 օր էլ այս վիճակով կապրենք, բայց մենք մեր հողից դուրս չենք գա։ Մենք մեր երեխաների համար օրինակ պետք է ծառայենք, որ հիմա թողնենք փախչենք մեր տներից, վաղը իրենք ի՞նչ պետք է սովորեն։ Արցախցին ամուր կանգնած է իր հողում, և թշնամին որքան էլ փորձի հայաթափել Արցախը, դա նրան չի հաջողվելու, մեծից փոքր կանգնած ենք մեր հողը պաշտպանելու համար, այդ պաշտպանությունը նաև այս զրկանքներին դիմանալու ձևով է։ Մեր պայքարի մասին է խոսում նաև այն, որ ոչ թե ծնողները փորձեցին այստեղից  դուրս գալ և գնալ Հայաստանում մնացած իրենց երեխաների մոտ, այլ երեխաները եկան Արցախ՝ իրենց տուն․․․»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել