«Այն թեզը, թե Արցախում կա խուճապ, եւ արցախցիները պնդում են, որ Լաչինի միջանցքը բացվելուն պես Արցախից հեռանալու են, չի համապատասխանում իրականությանը: Հակառակը` արցախցիները պնդում են, որ երբեք չեն հեռանալու իրենց հայրենի հողից, մնալու են եւ շարունակելու են իրենց պայքարը», - «Հրապարակի» հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ով արդեն մի քանի ամիս է՝ ամուսնացել է եւ բնակություն հաստատել Արցախում:

- Լաչինի միջանցքը շարունակում է մնալ փակ, Արցախում պարենային ճգնաժամ է, դա էլ կարծես քիչ էր, այսօր էլ դադարեցվել է գազամատակարարումը: Ի՞նչ տրամադրություններ են այժմ տիրում Արցախում:

- Այո, գազամատակարարումը նորից դադարեցված է: Արցախը ոչ բարվոք վիճակում է, կա նաեւ էլեկտրաէներգիայի խնդիր, երեկվանից հովհարային անջատումներ են, քանի որ ադրբեջանցիները կտրել են հոսանքի մալուխը, որը Հայաստանից մտնում է Արցախ: Չեն թողնում, որ այդ հատվածին որեւէ մեկը մոտենա, արդյունքում ծանրաբեռնվածությունը մեկ կետի վրա է, ստիպված անջատում են էլեկտրաէներգիան, որպեսզի կարողանան ամբողջ Արցախն ապահովել հոսանքով:

- Արցախում առկա է սննդամթերքի ճգնաժամ: Ինչպե՞ս եք այդ պայմաններում գոյատեւում:

- Ես էլ, բոլորի նման, բավարարվում են նրանով, ինչ կա: Կա շատ քիչ բան, խանութներում մեծ հերթեր են, անգամ շատերը մեկ օրվա ընթացքում չեն հասցնում գնումներ կատարել: Առավոտյան 8-ից մարդիկ խանութ են գնում, որ օրվա վերջին սնունդ ունենան, սնունդն էլ որն է` չնչին մի բան, որ կարողանան այդ օրը ապրել: Դեռեւս կտրոններ չեն տրամադրել, այսօր կամ վաղը նոր կկարողանանք գնումներ կատարել հատուկ կտրոններով: Հույս ունեմ, որ գոնե այդ պարագայում մարդիկ կկարողանան հավասար` մի քանի գրամ ապրանք ձեռք բերել:

- Օրերն անցնում են, սակայն ոչ մի դրական տեղաշարժ չենք տեսնում: Լաչինի միջանցքը շարունակում է փակված մնալ: Թշնամին դեռ որքա՞ն փակ կպահի ճանապարհը` ըստ Ձեզ:

- Եթե թշնամու ցանկություններին նայենք, ապա նա երբեք էլ չի բացի ճանապարհը: Իր դարավոր երազանքն է փորձում կատարել: Հայերին կոտորել են ու շարունակում են կոտորել, սակայն ես միայն Ադրբեջանին չէ, որ թշնամի եմ ընկալում, սա նաեւ թուրքական գործունեության արդյունք է, եւ, բնականաբար, այսօր եղբայր պետություններն իրենց դարավոր, այսպես ասած, գաղափարախոսությունն են առաջ տանում, բնականաբար՝ Արցախի հայաթափման ծրագիրն են փորձում իրականացնել, ինչը, ցավոք, մեր իշխանություններին չի սթափեցնում:

- Կարծես Արցախի իշխանությունները եւս փորձում են պաշտոնական Բաքվի ցանկությունները բավարարել, օրինակ` Ադրբեջանի հիստերիան, Ռուբեն Վարդանյանի հետ կապված, դեր է խաղացել, եւ Հայաստանի ու Արցախի իշխանությունները, ըստ տարածված լուրերի, փորձում են Վարդանյանից ազատվել:

- Ես այս մասով չեմ ուզում գնահատականներ տալ, պարզապես կցանկանամ հիշեցնել, որ 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ, Ադրբեջանը նույն խաղը խաղում էր Նիկոլ Փաշինյանի մասով, պարզապես մեր հիշողությունը շատ կարճ է, եկեք չտրվենք ադրբեջանական դատարկ խոսակցություններին, քանզի ոչ ոք չի հասկանա, թե ինչ է թաքնված այդ ամենի ետեւում:

- Ակնարկում եք, որ Ռուբեն Վարդանյանին ե՞ւս Ադրբեջանն է Արցախ գործուղել:

- Ամենեւին, ասածս այն է, որ պետք չէ թշնամու սադրանքներին տրվել: Այսօր ամենակարեւորն Արցախի ճգնաժամի հաղթահարումն է, այլ ոչ թե ինչ-որ անձերի մասով քննարկումը:

- Իրավիճակն այնպիսին է, որ այսօր Արցախի մասին խոսում է Ռուբեն Վարդանյանը, փոխարենն Արցախի ու Հայաստանի իշխանությունները տեսանելի որեւէ քայլ չեն անում:

- Այսօր Արցախը պետք է բոլորի ուշադրության կենտրոնում լինի, հատկապես` Արցախի կառավարության: Կրողն ու գործողն Արցախն է: Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, ապա նրանք կրավորական կեցվածք ունեն: Հայաստանի իշխանություններն են Արցախին դատապարտել այս օրվան, հետեւաբար, հենց իրենք պետք է լինեն իրավիճակի առաջին պատասխանատուն: Արցախի իշխանությունները որքան էլ փորձեն խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում պահել, թոհուբոհ ստեղծել, միեւնույն է՝ մեծ հաշվով այն արդյունք չի տալու: Ռուբեն Վարդանյանը որքան էլ փորձի իր ձայնը բարձրացնել, միեւնույն է` Հայաստանի իշխանությունն ինչ-որ կեղծ օրակարգերով եւ ասուլիսներով շեղելու է բոլորի ուշադրությունը: Հիմա էլ նախագահ Վահագն Խաչատուրյանի ու ինչ-որ մի կապիկի ճանապարհորդություններն են Հայաստանում քննարկվում՝ մոռանալով Արցախի մասին:

- 37 օր է՝ Արցախը բլոկադայի մեջ է: Արցախահայությունը չի՞ հուսահատվում այդ իրավիճակից:

- Արցախահայությունը չի հուսահատվում այս իրավիճակից, արցախահայությունը հուսահատվում է նրանից, որ իրապես զրկանքներ է կրում, սակայն որեւէ մեկը որեւէ բան չի անում: Այժմ Արցախին կարգավիճակ տալու ամենաճիշտ ժամանակն է: Աշխարհին պետք է ցույց տալ, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, սակայն այդ հարցերով զբաղվողն այսօր փաստացի վոյաժների մեջ է: Ազգային ժողովի նախագահն ինչ-որ քաղաքական կապիկ բանավեճերի մեջ է մտնում, քննարկվում է խորհրդարանական ընդդիմությանը մանդատներից զրկելու հարցը, սակայն այսօր այդ նույն իշխանությունն ու ընդդիմությունը պետք է միասին ճղեին բոլորի կոկորդը, որպեսզի ուշադրությունը կենտրոնանար Արցախի վրա: Իրենց օրակարգը մարդկանց շեղելու ուղղությամբ է:

- Արդեն մի քանի ամիս է՝ բնակություն եք հաստատել Արցախում: Տեսակետներ են հնչում, որ Լաչինի միջանցքը բացվելուն պես Արցախից արտագաղթ կսկսվի տարբեր ուղղություններով: Հետաքրքիր է՝ երբ ճանապարհը բացվի, ինչպե՞ս եք Դուք վարվելու:

- Ես այսօր էլ կարող եմ Հայաստան վերադառնալ` Կարմիր խաչի օգնությամբ, սակայն մնալու եմ, բացվելուց հետո էլ ապրելու եմ այստեղ, քանի որ իմ տեղն այնտեղ է, որտեղ կա խնդիր: Կգամ հարազատներիս տեսակցության ու էլի կվերադառնամ Արցախ: Արցախում իմ կարիքը կա: Ինչ վերաբերում է այն թեզերին, թե իբր ճանապարհը բացվելուն պես Արցախը դատարկվելու է, մարդիկ արտագաղթելու են, իրականության հետ որեւէ կապ չունեն: Հակառակը` մարդիկ բոլորն անխտիր ասում են, որ մնալու են ու իրենց հողի համար պայքարելու են՝ ոչ մի տեղ չգնալով: Այնպես որ, արցախցիները երբեք ու երբեք չեն հեռանալու իրենց հայրենի հողից, մնալու են եւ շարունակելու են իրենց պայքարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել