Ընդդիմության «միասնական օրակարգը» գնալով ճաքեր է տալիս։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը, որն իր «սեփական օրակարգով» էր վերադարձել ԱԺ, տարօրինակ տրամաբանությամբ է մասնակցում քննարկումներին ու քվեարկություններին։ Իրենց ասելով՝ մասնակցում են այն հարցերի քննարկմանը, որոնք բխում են Հայաստանի առաջնային օրակարգից։
Օրինակ՝ երեկ «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ չի մասնակցելու Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուի փակ-գաղտնի քվեարկությանը։ Թեկնածուին՝ Գագիկ Բարսեղյանին, առաջադրել էր ՔՊ-ն։ Բայց «Հայաստան» խմբակցությունն իր սեփական օրակարգով որոշեց ոչ թե գնալ, դեմ քվեարկել, այլ, առհասարակ, չմասնակցել քվեարկությանը։ Փոխարենը քվեարկությանը մասնակցեց ու դեմ քվեարկեց «Պատիվ ունեմ» խմբակցությունը, որը նախորդ անգամ հիմնական մասով ԲԴԽ անդամի ՔՊ-ական թեկնածու Հայկ Գրիգորյանի համար կազմակերպված քվեարկությանն էր մասնակցել եւ կողմ քվեարկել։ Այս իմաստով՝ ընդդիմադիր երկու խմբակցությունների «միասնական օրակարգերն» այնքան էլ միասնական չեն, եւ սա առաջին դեպքը չէ։

Ընդդիմության, իսկ ավելի կոնկրետ՝ «Հայաստան» խմբակցության այս տարօրինակ պահվածքի վերաբերյալ երեկ տարակուսանք հայտնեցին ՔՊ-ականները։ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը փորձեց հասկանալ Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուի քվեարկությանը չմասնակցելու տրամաբանությունը․ «Հարգելի գործընկերներ, ձեր իրավունքն ա՝ տարբեր բաներիի չմասնակցելը, բայց ես կարծում եմ՝ քաղաքացիներն արժանի են՝ գոնե իմանան բացատրությունը, օրինակ՝ ինչու մեր նիստերի օրակարգերին ձեռնպահ կամ դեմ եք քվեարկում, ինչու եք այս կամ այն նախագծին դեմ քվեարկում կամ չեք քվեարկում։ Կոնկրետ Հավեքննիչ պալատի հետ ի՞նչ խնդիր ունեք՝ որպես երեւույթ, ինստիտուտ եւ էություն»։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ բացատրեց․ «Որովհետեւ դուք ձեր գործունեությամբ՝ մեծամասնությունը, ապալեգիտիմացրել է փակ-գաղտնի քվեարկության արդյունքները եւ, ընդհանրապես, քվեարկության պրոցեսը։ Ամենավառ օրինակը Վահագն Հովակիմյանի քվեարկությունն է եւ ընդդիմության ներկայացրած թեկնածուներին ձեր կողմից մերժելը՝ առանց որեւէ բացատրության»։ Մինասյանի այս խոսքերից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշեց տակ չմնալ․ «Երեսուն տարի ով ընտրություն կեղծի, ով ապալեգիտիմացնի, դա այլ հարց ա, բայց, այնուամենայնիվ...»։

Թե ինչ կապ ուներ դաշնակցական Արծվիկ Մինասյանը 30 տարի ընտրություն կեղծելու հետ, զարմացավ ինքը՝ Մինասյանը․ «Ընտրությունների կեղծման մասին առնվազն մեզ՝ Դաշնակցությանը մեղադրելը ոչ միայն մեղք գործել է նշանակում իրականության առաջ, այլ դուք ավելի շատ եք իշխանության հետ համագործակցել կեղծված ընտրությունների շրջափուլում»։
Սրանով դաշնակցական Արծվիկ Մինասյանը փաստացի քար նետեց իրենց երբեմնի կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ի բոստանը։ Ճիշտ է, անկախ Հայաստանի պատմության առաջին կեղծված ընտրությունները եղել են Նիկոլ Փաշինյանի «կնքահայր» Լեւոն Տեր-Պետրոսյանի ու ՀՀՇ-ի օրոք՝ 1996-ին, բայց ընտրություններ կեղծողի համբավ է ձեռք բերել ավելի շատ ՀՀԿ-ն։ ՀՅԴ-ին իսկապես մեղք է այս իմաստով ընտրություններ կեղծելու մեջ ուղիղ մեղադրելը։ Բայց քանի որ այսօր Քոչարյանի գլխավորած դաշինքով խորհրդարան անցած ՀՅԴ-ն նախորդ իշխանությունների օրոք մի քանի անգամ հասցրել է կոալիցվել ընտրություններ կեղծելու մեջ մեղադրվող իշխանությունների հետ, այսօր ինչ լինում է՝ կուժն ու կուլան կոտրում են նրա գլխին։ Ստացվում է՝ «ղալաթն անի» ՀՀԿ-ն, «ջառմեն քաշի» ՀՅԴ-ն։

Ու քանի որ գնդակն անուղղակի կերպով ու մի փոքր էլ ՀՅԴ-ի պասով հայտնվել էր ՀՀԿ-ի դաշտում, որոշեց իրենց ուղղված այդ մեղադրանքին արձագանքել ու իշխանության պորտը տեղը դնել «30 տարվա կեղծված ընտրությունների շահառու», 32-ամյա Հայկ Մամիջանյանը՝ ՀՀԿ-ից։ «Ես երկար էի մտածում՝ այս պալեմիկայի մեջ մտնե՞մ, թե՞ չէ, բայց ինչ վերաբերում է ընտրակեղծիքներին, դուք ձեր սեփական վարչության ընտրության ժամանակվա ընտրակեղծարարներին պարզեք, հետո մնացածին անցեք»,- ասաց Մամիջանյանը, հետո նրա ելույթը սկսեցին տարածել ՀՀԿ երիտասարդները` համարելով, որ Մամիջանյանը միակն էր, որ կարողացավ Ալեն Սիմոնյանի ու մյուս ՔՊ-ականների պորտը ըստ արժանվույն տեղը դնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել