Lurer.com-ը գրում է.

Նախորդ տարվա մարտի 29-ին ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել էր աշխատանքային քննարկում՝ «ՀՀ-ում դեղերի շուկայում առկա խնդիրները» թեմայով: Քննարկմանը մասնակցել են ՀՀ-ում դեղերի ներկայացուցչությունների ներկայացուցիչներ: ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը տեղեկացրել էր, որ նախորդ օրը նույն թեմայով քննարկում էր անցկացվել նաեւ դեղերի ներմուծմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Քննարկման ընթացքում հնչած գլխավոր մեսիջը թերևս այն էր, որ զուգահեռ ներմուծումը սահմանվել է դեղերի գնիջեցման նպատակով, որը գործնականում չի կիրառվում, ավելին՝ զուգահեռ ներմուծման անվան տակ շուկայում հայտնվում են անորակ դեղամիջոցներ՝ հաճախ նաեւ սպառնալով ազգային անվտանգությանը: Մասնակիցների կարծիքով՝ զուգահեռ ներկրողները հետապնդում են գերշահույթ ստանալու նպատակ: Փաստացի, տեսչական մարմնի ղեկավարը և առողջապահության նախարարը բաց են թողել այս փաստը, այն վրիպել է նրանց ուշադրությունից, ինչի արդյունքում ազգային անվտանգությանը սպառնալիք է առաջացել:

Գաղտնիք չէ, որ հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը երբեք չի թաքցրել առողջապահության նախարար դառնալու իր ամբիցիաները և զարմանալի չէ, որ նման շեշտադրումները հնչում են հենց նրա հրավիրած քննարկման ժամանակ: Թեև միտքը, որ համապատասխան կառույցների ղեկավարներն իրենց անգործությամբ սպառնում են ազգային անվտանգությանը, Զեյնալյանինը չէ, սակայն այն հնչել է վերջինիս հանձնաժողովում և որևէ առարկության այս առումով չի արժանացել:

Ընդամենը երեկ էլ նույն հանձնաժողովում առաջ քաշվեց առաջարկ, համաձայն որի՝ նախատեսվում է Տեսչական մարմնին տալ հսկիչ գնում կատարելու գործառույթ, ինչպես ունեն որոշ տեսչական մարմիններ, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա հայտնաբերել դեղերի շուկայում վաճառվող ՀՀ անօրինական ներկրված եւ կեղծ դեղերը: Նախագծերի փաթեթով առաջարկվում է բարձրացնել նաեւ տուգանքի չափերը

Ստացվում է` Անահիտ Ավանեսյանը, ում ղեկավարած կառույցը արդեն իսկ հայտնվել է ՊՎԾ ուշադրության կենտրոնում, հարվածներ է ստանում նաև թիմակիցներից: Սակայն, այստեղ հարց է առաջանում՝ եթե առկա են հստակ տեղեկություններ Հայաստան ներմուծվող կեղծ և անորակ դեղերի մասին, ապա ինչո՞ւ այդ մասին տեղյակ չեն պահվում իրավապահները և ինչո՞ւ է այդ մասին բարձրաձայնվում հրապարակավ հանձնաժողովի նիստում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել