Ավելի քան մեկ ամիս շրջափակման մեջ հայտնված Արցախում հանգստյան օրերն առավել փոթորկուն էին։ Զարգացումները դրամատիկ ընթացք ունեցան՝ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամին գումարվեց ներքաղաքականը։ Նախ, Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հունվարի 14-ին անսպասելի եւ արտասովոր հայտարարությամբ հանդես եկավ՝ չբացառելով արտահերթ նախագահական, ուստիեւ՝ խորհրդարանական ընտրություններ։ Արթուր Թովմասյանը հայտարարեց նաեւ իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։ Ասաց՝ ուզում է անկեղծ լինել ու Արցախում արտահերթի թեմայով զրույցները պատերի տակից բերել քաղաքական հարթություն։

Արցախի ԱԺ նախագահի այդ հայտարարությունը շփոթ առաջացրեց։ Նախ, որովհետեւ ընտրություններ անցկացնելու համար ԱՀ գործող Սահմանադրությունը պահանջում է երկրի նախագահի հրաժարական, որից հետո ինքնաբերաբար ազատ է արձակվում նաեւ խորհրդարանը, եւ երկու ընտրություններն անցկացվում են միաժամանակ։ Իսկ վերջին ամիսներին ներքաղաքական զարգացումների տրամաբանությունը հուշում էր, որ Արայիկ Հարությունյանը կայացրել է իր որոշումը եւ իշխանությունը սահուն փոխանցում է իր ընկեր Ռուբեն Վարդանյանին, որին, ըստ տեղեկությունների, ինքն է այդ նպատակով հրավիրել Արցախ։ Ժամեր անց՝ լրատվականներում հայտնված հրապարակումներից պարզ դարձավ, որ անհաղթահարելի հակասություններ են առաջացել երբեմնի ընկերների միջեւ, ու դրանով է պայմանավորված Արցախի նախագահի թիմակից Արթուր Թովմասյանի հայտարարությունը:

Ըստ լրատվամիջոցների՝ Արայիկ Հարությունյանը Վարդանյանից հրաժարական է պահանջել, մերժում ստացել, ապա սպառնացել է, թե ինքը հրաժարական կտա, որի հետեւանքը կլինի ԼՂ-ում սահմանադրական ճգնաժամը, որովհետեւ Արցախում բոլորը, նախեւառաջ Արայիկ Հարությունյանը, լավ են հասկանում, որ այս պահին ընտրության հնարավորություն չկա, Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ ընտրություններ չլինեն, իշխանություն չձեւավորվի, եւ պարալիզացվի պետական ապարատը, ու Արցախը փաստացի ճանաչվի Ադրբեջանի մաս։

Մինչ քաղաքական-հասարակական շրջանակներում ժամեր շարունակ  բուռն քննարկում էին, որ Վարդանյանի հրաժարականի պահանջը Հարությունյանին թելադրվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, իսկ վերջինս էլ, ըստ ամենայնի, Ալիեւից է հերթական ցուցումը ստացել, քանի որ Ռուբեն Վարդանյանը կոշտ դիրքորոշում ունի Բաքվի ու նրա հետ երկխոսության վերաբերյալ, իսկ ոմանք էլ, ուշացող  հրաժարականներից ոգեւորված, առիթը բաց չթողեցին ցեխ շպրտելու լրատվականների կողմը՝ մեղադրելով սուտ լուրեր տարածելու համար, Վարդանյանը մեկնաբանեց իր հրաժարականի մասին լուրերը։ Նա հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Միաժամանակ Վարդանյանն անընդունելի համարեց երկրի նախագահի, նաեւ խորհրդարանի հնարավոր հրաժարականը։

«Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել եւս՝ ստեղծված իրավիճակում։ Միեւնույն ժամանակ, անընդունելի է երկրի նախագահի, հետեւաբար՝ նաեւ խորհրդարանի հնարավոր հրաժարականը»,- գրել էր նա իր ֆեյսբուքյան էջում։

Մինչդեռ ԱՀ գործող օրենսդրությամբ՝ նախագահն է ազատում կամ նշանակում կառավարության անդամներին, այդ թվում՝ պետնախարարին։ Եվ, ուրեմն, ինչո՞ւ Արայիկ Հարությունյանը չստորագրեց Վարդանյանի ազատման հրամանը։ 

Արցախի մեր աղբյուրները պատմում են, որ ի սկզբանե որեւէ հակասության, կոնֆլիկտի մասին խոսք չի եղել, ճիշտ հակառակը՝ իշխանական զույգը գործել է փոխհամաձայնեցված, Հարությունյանը հաճախ ընդառաջել է Վարդանյանի ցանկություններին, նրան լայն լիազորություններ տվել եւ անգամ Վիտալի Բալասանյանին ազատել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, որի հետ Վարդանյանը հակասություններ ուներ։

Խնդիրն այն է, որ Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելուց հետո իշխանությունը եռաբուրգ էր դարձել՝ Արայիկ Հարությունյան-Ռուբեն Վարդանյան-Վիտալի Բալասանյան տեսքով։ «Վիտոն խաղից դուրս հանվեց, քանի որ ստեղծված իրավիճակում ուներ մյուսների հետ լրիվ հակասող մոտեցում եւ կարծում էր, որ ադրբեջանցիների հետ երկկողմ ֆորմատով կարելի էր բանակցել ու ինչ-որ բան ստանալ, մյուսները, այդ թվում՝ Արցախի հասարակությունը, կարծում է, որ Ադրբեջանի հետ բանակցելու թեմա չկա, դա կարելի է հազվադեպ դեպքերում, որովհետեւ Ադբեջանի նպատակը ոչ թե բանակցելն է, այլ բանակցությունների միջոցով Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության հասնելը, դրանով է պայմանավորված եղել Վիտոյի հեռացումը»,- ասաց արցախյան մեր աղբյուրը:

Վերադառնալով Վարդանյան-Հարությունյան հարաբերություններին՝ Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին սկզբում մտերմաբար առաջարկել է՝ երկուսով հրաժարական տան, գնան նոր ընտրությունների, թող ժողովուրդն ընտրի իր իշխանությունը եւ պատասխան պահանջի նրանից, որովհետեւ, ուզեն, թե չուզեն, բազմագլուխ իշխանության պարագայում «գլուխներից» ոչ մեկը լրջորեն պատասխանատվություն չի ստանձնում։ Ռուբեն Վարդանյանն էլ ընդունել է առաջարկը ու քննարկել քաղաքական որոշ շրջանակների, մասնավորապես նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի հետ։ Հենց վերջիններս էլ բացատրել են, որ այս պարագայում այդ հրաժարականներն Արցախի վերջնականապես կործանման նախերգանքն են լինելու, եւ դա հենց Ադրբեջանի ուզածն է։ Իսկ մինչ հերթական ընտրությունները՝ 2025 թվականը, հնարավոր է Ռուսաստանը վերականգնի իր դիրքերը եւ զսպի Ադրբեջանի ախորժակը, ու նորմալ ընտրություններ կազմակերպեն։

Այստեղից էլ սրվել են Վարդանյանի եւ Հարությունյանի հարաբերությունները, Վարդանյանը հասկացել է, որ Նիկոլի պահանջով իր ընկերն ուզում է ազատվել իրենից, որոշ մարդկանց մոտ խոստովանել է, որ գուցե Արայիկ Հարությունյանն իրեն մղեր հրաժարականի, իսկ ինքը դրանից հետո ինչ-ինչ պատճառներով հետ կանգներ որոշումից։ Ի դեպ, մեր աղբյուրներն ասում են, որ Արայիկ Հարությունյանը վերջին շրջանում հոգեբանական ծանր վիճակում է, որը նկատելի է նաեւ շրջապատի կողմից։ Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունները չեն դադարեցնում ճնշումները, իսկ Հարությունյանը նրանց ամեն պահանջը չէ, որ կարողանում է իրագործել։

Ըստ ամենայնի, իր հրաժարականով Հարությունյանը որոշել է վերջ տալ այդ վիճակին եւ իշխանությունը հանձնել այլոց, սակայն շաբաթ գիշերը մի քանի ժամ քննարկումներից հետո նրան համոզել են, որ դա լինելու է Արցախի վերջը, եւ Ադրբեջանը ռազմական սպառնալիքի միջոցով թույլ չի տալու նոր ընտրություններ կազմակերպել։ Գլխավոր միջնորդը եւ համոզողը Բակո Սահակյանն է եղել։

Կեսգիշերին մոտ Հարությունյանին այցելել են նաեւ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները, եւ հրամանագրերի հրապարակումները կասեցվել են․ ո՛չ Հարությունյանը, ո՛չ Վարդանյանը հրաժարական չտվեցին։ Մեզ ասացին, որ կողմերին, ավելի ճիշտ՝ Ռուբեն Վարդանյանին, հորդորել են հրապարակային հայտարարություններում ավելի զուսպ լինել, ավելի կոնկրետ՝ չքննադատի Նիկոլ Փաշինյանին, եւ կարելի է ասել, որ այս ռաունդն ավարտվել է Արցախի նախագահի հաղթանակով։ Նա կարող է մանեւրել, թե կատարեց Փաշինյանի պահանջը՝ չեզոքացրեց Վարդանյանին կամ գոնե կարմիր քարտ ցույց տվեց։

Մի բան ակնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանի տեղափոխվելուց հետո Արցախում իրավիճակը սրվել է, Վարդանյանի կացնային հայտարարություններն էլ ավելի են գրգռում Ադրբեջանին։ Սրանով պայմանավորված՝ արցախցիները երկու բանակի են բաժանվել, մի մասն աջակցում է Արցախի վերածննդի հույս բերած Վարդանյանին, ոչինչ, որ Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դարձել նրա՝ Արցախ տեղափոխվելու փաստից, իսկ մյուս մասը շարունակում է աջակցել գործող նախագահին։ Այսպես կոչված՝ «կայուն ճահիճը», նախկին վիճակը պահպանելու հարցում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել