168.am-ը գրում է․

Համաշխարհային տնտեսության ֆրագմենտացիայի հետևանքով վնասը կարող է կազմել համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 0,2%-ից (բարենպաստ կանխատեսման դեպքում) մինչև 7%-ը (անբարենպաստ կանխատեսման դեպքում): Ընդ որում, որոշ երկրներում անկումը կարող է հասնել 8-12%-ի, եթե խախտվեն տեխնոլոգիական կապերը:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը: Նման գնահատում է տրված Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) փորձագետների կողմից հունվարի 15-ին հրապարակված վերլուծական հոդվածում, որը նվիրված է «աշխարհատնտեսական ֆրագմենտացիայի և բազմակողմ առևտրային հարաբերությունների ապագայի խնդիրներին»։

«Համաշխարհային տնտեսությունը, հնարավոր է, գտնվում է այն բանի եզրին, որ կարող է հետ շրջել 20-րդ դարի երկրորդ կեսին բնորոշ ինտեգրման աստիճանական աճը: Մի քանի տասնամյակ շարունակ աճող տնտեսական ինտեգրումից հետո աշխարհն այժմ կանգնած է ֆրագմենտացիայի վտանգի առաջ», – զգուշացնում են հիմնադրամի փորձագետները։ «COVID-19-ի համավարակը և սաստկացող աշխարհաքաղաքական տարաձայնությունները փորձություն են դարձել միջազգային հարաբերությունների համար և ավելի ու ավելի շատ հարցեր են առաջացրել գլոբալ ինտեգրման առավելությունների վերաբերյալ», – հավելել են հոդվածի հեղինակները:

ԱՄՀ փորձագետների համոզմամբ՝ թեև ֆրագմենտացիան առանձին դեպքերում կարող է իր հետ ռազմավարական առավելություններ բերել որոշ երկրների համար, սակայն, ընդհանուր առմամբ, դա ավելի մեծ հավանականությամբ զգալի տնտեսական կորուստներ կառաջացնի: «Կախված մոդելում ամրագրված նախադրյալներից՝ առևտրային ֆրագմենտացիայից համաշխարհային ՀՆԱ-ի համար վնասը կարող է տատանվել 0,2%-ից (սահմանափակ ֆրագմենտացիայի և վերակառուցման ցածր ծախսերի դեպքում) մինչև ՀՆԱ-ի 7%-ը (շատ խիստ ֆրագմենտացիայի և վերակառուցման բարձր ծախսերի դեպքում):

Եթե դրան գումարվի տեխնոլոգիական կապերի խախտումը, ապա ՀՆԱ-ի կորուստը որոշ երկրներում կարող է կազմել 8%-ից մինչև 12%», – ընդգծել են հոդվածի հեղինակները։ Նշվում է, որ փաստաթուղթն արտացոլում է դրա պատրաստմանը մասնակցած ԱՄՀ-ի փորձագետների ընթացիկ գնահատումները։ Ընդ որում, դրանք ԱՄՀ-ի վերջնական կանխատեսումները չեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել