168.am-ը գրում է․

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո 120 հազար արցախահայեր այս օրերին կրկին կանգնած են հերթական փորձության առջև՝  դեկտեմբերի 12-ից Արցախը շրջափակման մեջ է։ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ արցախահայության համար ստեղծելով հումանիտար աղետ։

«Արդարություն» կուսակցության համանախագահ Միքայել Առաքելյանը Շուշիից տեղահանվածներից է: Շուշիում թողել է տարիների ընթացքում ստեղծած ամեն ինչ, բացի պայքարելու ձգտումից, վստահ է՝ կվերադառնա ու կապրի իր ստեղծած տանը։

Միքայել Առաքելյանը պատերազմից հետո ընտանիքով հաստատվել է  Ստեփանակերտում, ատամնաբույժ է, նաև երեխաների հետ սպորտով է զբաղվում և վստահ է, որ իրենց առջև ծառածած այս փորձությունը ևս կհաղթահարեն՝ միասնությամբ։

168.am հետ զրույցում Միքայել Առաքելյանը պատմեց՝ այնպես չէ, որ ադրբեջանցիներին նոր են ճանաչում, ու նրանց քայլերն անսպասելի էին։ Խորհրդային տարիներին նրանց հետ շփում եղել է, նրանց սովորեցրել են նիստ ու կաց, մշակույթ, այդ ամենը սովորելուց հետո, նրանք սկսել են հայությանը կոտորել։ 21-րդ դարում, ադրբեջանցիների մշակույթի մեջ մտնում է  միայն հայությանը սպանելը։

«Նույնիսկ, եթե ամբողջ աշխարհը ճանաչի Արցախի անկախությունը, Ադրբեջանը պրովակացիոն միջոցներով միշտ փորձելու է հարձակումներ անել։ Այսօր Արցախի բլոկադան պատերազմ է նաև ամբողջ աշխարհի դեմ, ի՞նչ է նշանակում բլոկադայի մեջ պահել ժողովրդի, սա չի՞ նշանակում պատերազմ։ Պետք է հստակ ասեմ՝ մենք իմունիտետ ունեցող ժողովուրդ ենք և 70 տարի շարունակ այս ամենը տեսել ենք, ճնշել են, բայց կարողացել ենք դիմադրել։ Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանը փորձել է հասնել իր վերջնական նպատակին ու կոտորել արցախահայությանը։ 90-ականներին Հայաստանն ու Արցախը համախմբվել են, սփյուռքի հետ միասին, ու փրկել են Արցախը, դրանով փրկելով նաև հայկականությունը։ Սակայն 2018 թվականին Հայաստանում իշխանության եկան մարդիկ, հակահայկական ուժեր, որպեսզի հանձնեին Արցախն ու ամբողջ հայկականությունը։ 2020 թվականին էլ Արցախում ընտրվեց իշխանությունը, որն ամբողջությամբ սատարում էր Հայաստանի դավադիր իշխանություններին, որի արդյունքում էլ ստացանք պատերազմ»,- նշեց Միքայել Առաքելյանը։

Նրա բնորոշմամբ, այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, այնուհետև Հայաստանում, պարզապես խայտառակություն է, քանի որ 2018 թվականին իշխանության եկած անձինք պարզապես այնպես արեցին, որ ամբողջ աշխարհի հայությունը կորցնի իր արժանապատվությունը, և այժմ պետք է այնպես անի, որ այդ արժանապատվությունը վերականգնի։

«Թուրքական իշխանություններն ամեն օր վարկաբեկում էր հայությանը, Հայաստանից պատասխանող չկա, մտնում են ՀՀ սուվերեն տարածք, նրանց այնտեղից դուրս հանող չկա, հիմա էլ թուրքն առիթից օգտվելով՝ փակել է Արցախի միակ ճանապարհը ու փորձում է ահաբեկել, սովամահ անել արցախահայությանը։ Այս իրավիճակի միակ հանգուցալուծումն իշխանության փոփոխությունն է  Հայաստանում, առաջինը նրանց պետք է փոխենք՝ ինչ գնով էլ ուզում է  լինի, եթե իշխանությունը մնա, մենք դատապարտված ենք կործանման։ Ես հիմա ժամերով կարող եմ պատմել Նիկոլ Փաշինյանի հայատյաց քաղաքականության մասին։ Նրա հայտարարությունները, մեր դաշնակիցների հետ նրա վերաբերմունքը չի բխում մեր ազգային շահերից, կողքից նայելով՝ տեսնում եմ, թե ինչպես է նա մեր ժողովրդին տանում ցեղասպանության։ Նա նաև բոլորի ենթագիտակցության մեջ փորձում է  մտցնել, թե՝ ի վիճակի չեք պայքարել, պետք է համակերպվեք, պետք է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ գնանք խաղաղության և այլն»,- շեշտեց մեր զորուցակիցը։

Ըստ «Արդարություն» կուսակցության համանախագահի, եթե ժողովրդին չկարողանան բացատրել, ու ժողովուրդը չհասկանա, որ այս ամենը հստակ նպատակաուղղված դավաճանական քայլ է իշխանությունների կողմից, ապա դատապարտված են ցեղասպանության։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի բացման պատասխանատուն ռուս խաղաղապահներն են, Միքայել Առաքելյանը նկատեց՝ սա նույնն է, որ Փաշինյանը հայտարարի, թե Հայոց ցեղասպանության համար թուրքերը մեղավոր չեն, հետևաբար՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրող կողմերից մեկն էլ ՀՀ իշխանությունն է, որը Բերձորի ճանապարհի բացման համար պատասխանատվություն է կրում։ Ստացվում է, որ Հայաստանի իշխանությունն իր անկարողության համար բոլորին է մեղադրում, բացի  իրենից։

«Ինքս 2018 թվականին վերլուծելով ամբողջ իրադարձությունները, արդեն գիտեի, ովքեր են ՀՀ-ում իշխանության եկածները, իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հենց առաջին օրվանից, առաջին հարվածներից հասկացա՝ Արցախին մտածված տանում են պարտության։ Ես 2018 թվականին ասում էի՝ եթե ուշքի չգանք՝ Արցախը կորցնելու ենք, ինձ մոլորված ու գիժ էին համարում։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ առաջին ռակետան խփեցին, Շուշիի իմ տան պատուհանից ամեն ինչ երևում էր, նշանակետը հստակ էր, հետո, երբ իմացանք, որ հարվածել են շտաբի կետին, ինձ համար արդեն ամեն ինչ պարզ էր, որովհետև երբ առաջին հարվածը հասցվում է կարևոր օբյեկտներին, ուրեմն մենք այն գլխից դավաճանված էինք։ Թող բանակին չմեղադրեն, մեր բանակը միշտ էլ մարտունակ է եղել, բայց 2018 թվականից հետո այս իշխանությունները մեր բանակին պառակտեցին, նպատակաուղղված հրամանատարներին փոխեցին, պատերազմում, որտեղ ճեղքում է  եղել, այդ հատվածների հրամանատարները փոխված են եղել 2018 թվականից հետո»,- ասաց նա։

Միքայել Առաքելյանի բնորոշմամբ, շրջափակված Արցախում մարդիկ մտահոգված են, սակայն չեն ընկճվում, քանի որ տոկուն ժողովուրդ են, գիտակցում են, որ կյանքը պայքար է, և իրենք պետք է պայքարեն:  Հակառակ դեպքում, ինչպես մարտի դաշտում, եթե չպայքարես՝ կկոտորվես։

«Ժողովուրդը գիտակցում է, որ պետք է պայքարի, իսկ դրա համար համախմբում է  պետք, պետք է վատ հագնվենք, վատ ուտենք, բայց պետք է կռվենք, հաղթահարենք դժվարությունները, այս ամենին հակադրվենք։ Մենք պիտի համախմբվենք, և այդ գործընթացն արդեն տեղի է ունենում, դրան զուգահեռ՝ պարտված իշխանությունը պետք է հեռացվի։ Իսկ Արցախը պիտի ղեկավարի մարտական ճանապարհ անցած մարդ, պայքարող մարդ, հրամանատար, սա ամենադժվար գործն է՝ լինել հրամանատար։ Ես մի քիչ էլ Հայաստանի ժողովրդի վրա եմ զարմանում, նրանք չպետք է հանձնվեն ու Արցախում իրենց եղբայրներին թողնեն միայնակ»,- եզրափակեց Միքայել Առաքելյանը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով ոչ բոլորին է հնարավոր լինում տեղափոխել։ Հունվարի 12-ի տվյալներով՝ շրջափակման չորս շաբաթների ընթացքում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ և ուղեկցությամբ ընդհանուր 21 հիվանդ է Արցախից Հայաստան տեղափոխվել, այդ թվում՝ երեխաներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել