168.am-ը գրում է․

«Մեր համայնքում իրավիճակը նորմալ է, դժվարություններ կան, բայց հաղթահարում ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա համայնքի ղեկավար Վալերի Ղահրամանյանը։

Հաշվի առնելով Արցախում եղանակային բարենպաստ պայմանները, Պատարայում մարդիկ սովորականից շուտ են սկսել հողային աշխատանքները։

«Մարդիկ իրենց հողերն են մշակում, պատրաստվում են գարնան աշխատանքներին՝ փխրեցնում են, գնում անտառից փայտ են բերում, անասուններին են պահում, մի խոսքով, կյանքը բնականոն ձևով շարունակվում է, նորմալ է»,- ասաց համայնքի ղեկավարն ու հավելեց, որ խնդիրը միայն պարենի հետ է կապված, բայց կազմակերպված ձևով այդ հարցն էլ են լուծում։

«Ըստ շնչի՝ բազմազավակ ընտանիքներին այլ ձևով է, մյուս ընտանիքներին՝ այլ։ Ամբողջը ցուցակագրած է, ինչ գալիս է, անմիջապես հետևում ենք, որ բոլորին հասնի։ Յոլա գնալու է, ուղղակի տեսնենք՝ երբ է այս հարցը լուծվում։ Համենայն դեպս, ժողովուրդը ընկճվում չի, սենց ու սրանից ավելի ծանր օրեր ենք ունեցել, կդիմանանք»,- ասաց Պատարայի համայնքապետը։

Վալերի Ղահրամանյանը հիշեց նաև 1990-ականները, այն ժամանակ ստեղծված իրավիճակն ու զուգահեռ անցկացրեց այսօրվա՝ շուրջ 1 ամիս շրջափակման մեջ հայտնված Արցախի միջև․

«Այն ժամանակ մի քիչ ուրիշ է եղել, հիմա կյանքը մի քիչ լավացել էր, ոչ մի բանի կարիք չէինք զգում, էդքանից հետո միանգամից այս վիճակը մարդկանց մի քիչ տխրեցնում է, բայց էլի ոչինչ, կդիմանանք, ընկճվելու բան չկա»։

Ինչի՞ց է, որ բոլոր արցախցիները՝ փոքրից մեծ, նույն ձև են մտածում՝ չեն հուսահատվում, չեն պատրաստվում լքել իրենց հողը, մինչև վերջ պատրաստ են պայքարել, համենայն դեպս մեր բոլոր զրուցակիցները նույն ձև են արտահայտվում, թե՛ պաշտոնյաներ, թե՛ շարքային քաղաքացիներ, Պատարայի համայնքապետն այսպես արձագանքեց․

«Արցախի պատմությունը դարերի խորքից է գալիս, այստեղի ժողովուրդը մի քիչ ուրիշ ձև են, ամեն ինչը լավ հասկանում են, կարողանում են դիմադրել․․․ Այնպես որ, ընկճվելու բան չկա, ամեն ինչ նորմալ է»։

Ստեղծված իրավիճակից դուք ելքն ինչպե՞ս եք տեսնում, հարցրեցինք Վալերի Ղահրամանյանին․

«Ելքը նա է, որ մեզ գնալու տեղ չունենք, սկի չենք էլ մտածում։ Էս հողում ծնվել ենք, մինչև վերջ էլ պետք է պաշտպանենք, Արցախում փոքրից մեծ այդ ձև են մտածում․․․»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել