Ակնհայտորեն Հաքան Ֆիդանի կողմից ղեկավարվող մարդակեր կառույցի հետ հատուկ հարաբերությունների մեջ գտնվող Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլյանը հանդես է եկել թուրքական իշխանություններին ուղղված կոչով՝ անտարբեր չմնալու Լաչինի միջանցքի փակման փաստի հանդեպ, պատասխանատվություն ստանձնելու Լեռնային Ղարաբաղի շրջափակման դադարեցման համար։ «Կովկասում խաղաղության հաստատումը բխում է նաև Թուրքիայի շահերից։ Եթե մենք բոլորս պատասխանատվություն ստանձնենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ավարտի համար, մենք կարող ենք վերադառնալ դրական օրակարգին և՛ Ադրբեջան-Հայաստան, և՛ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացում»,-մասնավորապես՝ գրել է «Թվիթերում» հայազգի պատգամավորը:

Փայլյանը շատ վտանգավոր միտք է հղացել, որի էությունը Կովկասում Թուրքիայի ազդեցության է՛լ ավելի հզորացման ու նույնիսկ տարածաշրջանում հեգեմոն դիրքեր զբաղեցնելու համար պայքարն է: Լաչինի միջանցքի փակումը, որը, փաստորեն, լայնամասշտաբ հումանիտար ճգնաժամի եզրին է կանգնեցրել Արցախը, Փայլյանի գրառման կամ հնչեցրած գաղափարի իրական հեղինակների համար կարող է լավ առիթ դառնալ՝ հերթական անգամ առևտրի մեջ մտնելու ռուսների հետ, որոնք առնվազը չեն կարողանում ստեղծված իրավիճակում փրկել նույնիսկ սեփական խաղաղապահների դեմքը: Խաղաղութան Նոբելյան մրցանակի ախորժակ ունեցող Էրդողանի համար Կովկասում իր իսկ ձեռքով ստեղծված ճգնաժամային իրավիճակը շատ լավ առիթ կարող է դառնալ՝ մի կողմից՝ ևս մեկ անգամ հանդես գալու խաղարարարի կերպարով, հարց լուծողի իմիջով, մյուս կողմից՝ Անկարայի համար շատ շահավետ պայմաններով հերթական անգամ առևտրի մեջ մտնելու թուլացող Ռուսաստանի հետ՝առերևութաբար օգնելով, բայց իրականում թակարդը գցելով Պուտինին: Ավելին՝ բացառված չէ, որ Ալիևի իրական նպատակը հենց սա է՝ թելադրված իր մեծ եղբոր շիկահեր կուրատորների կողմից:

Եթե միջանցքը բացվի Թուրքիայի միջնորդությամբ, ապա դա կնշանակի ռուսական ազդեցության էական նվազում Կովկասում, իսկ մոտ ապագայում՝ նաև լիարժեք չեղարկում: Մոսկվայում գիտակցո՞ւմ են այս վտագները, եթե այո, ապա ի՞նչ են առաջարկում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել