Երեկ տեղեկացանք, որ խանութում վարչապետի դստերը՝ Մարիամ Փաշինյանին հանդիպած երկու ՀՀԿ-ական երիտասարդներ հայտնվել են իրավապահների թիրախում: Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ Վլադիմիր Մանուկյանը եւ «Սերժ Սարգսյանի աջակիցներ» նախաձեռնության համակարգող, ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը պատմում են, որ Մարիամի հետ որեւէ կոնտակտ չի եղել, սակայն Փաշինյանի ավագ դուստրը լուսանկարել է տղաներին, որից հետո նրանց սկսել են հետապնդել։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այս մասին գրառում էր արել իր էջում․ «Այսօր 18-ամյա Վլադիմիր Մանուկյանի վրա հարձակվել են դիմակավորված անձինք, փողոցի մեջտեղում պառկեցրել ասֆալտին, ձեռնաշղթաներ հագցնելուց հետո նկարել ու տարել Քրեական ոստիկանություն: Առեւանգողներն ակնհայտ փորձել են վախեցնել երիտասարդին, ճնշել, թույլ չեն տվել կապ հաստատել ծնողների եւ փաստաբանների հետ: Բաց են թողնում միայն այն ժամանակ, երբ մենք զանգում ենք 1-02՝ առեւանգման փաստով: Որպես բերման պատճառ՝ նշվում է ապօրինի զենք-զինամթերքի կասկածանքը.... 18 տարեկան այս ուսանողի մոտ:

Իսկ Միքայել Գրիգորյանին այսօր ամբողջ օրը հետապնդել է 37AQ382 օպերատիվ պետհամարանիշներով մեքենա, եւ վստահ եմ, որ մոտ օրերս հենց այդ միջադեպի հետ կապված մի նման շոու էլ Միքայելի հանդեպ կիրականացնեն. դե, իհարկե, Փաշինյանները 2 սերիանոց մասկի շոու են պատվիրել: Հենց այս պահին էլ Միքայելի բակում շրջում են մի քանի իրավապահներ»:
Թե իրականում ինչ է տեղի ունեցել, ինչու է իշխանական դուստրն իրավապահներին դիմել, եւ ինչու են հետապնդում երիտասարդներին, մենք զրուցել ենք միջադեպի մասնակցի՝ ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանի հետ:

- Ձեր մասնակցությամբ միջադեպը հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում: Հայկ Մամիջանյանը նշել էր, որ Մարիամ Փաշինյանին խեթ նայելու համար են Ձեզ հետապնդում: Ի վերջո` ի՞նչ է իրականում տեղի ունեցել: Մի՞թե Մարիամ Փաշինյանին խեթ նայելն է այս ամենի պատճառը, գուցե այլ անպարկեշտ բա՞ն եք արել:

- Թումանյան փողոցում տեղակայված սուպերմարկետներից մեկում է տեղի ունեցել դեպքը: Ոչ մի խոսակցություն տեղի չի ունեցել: Սուպերմարկետից դուրս ենք եկել, Մարիամ Փաշինյանը մեզ նկարում է, եւ այդտեղից ամեն ինչ սկսվում է: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին: Հաջորդ օրվանից սկսել են մեզ հետապնդել: Մեր ողջ տեղաշարժն ինչ-որ մարդկանց կողմից հսկվում է: Իրավապահները մեր տեղաշարժի հետ կապված տեսանյութեր են անգամ փնտրել, թե որտեղ ենք եղել եւ ինչով ենք զբաղված եղել, դրանից հետո զանգահարում են ընկերոջս շենքի լիազորին, հետաքրքրվում են, ապա նրան ասֆալտին փռում: Մենք այս իշխանությունների վերաբերյալ մեր դիրքորոշումը երբեք չենք թաքցրել, սակայն այդ օրը ոչինչ տեղի չի ունեցել, այնուամենայնիվ, մեր դեմ ռեպրեսիաներ են սկսվել: Մեզ անվերջ հետապնդում են: Երեկ էլ օպերատիվ համարներով ավտոմեքենա էր հետեւում մեզ: Ողջ օրը մեր հետեւից այդ մեքենան եկավ:

- Հետեւելուց բացի ի՞նչ են անում:

- Երեկ, ինչպես գիտեք, մեր ընկերոջը բերման են ենթարկել, 6-րդ վարչություն են տարել, նկարել, ապա բաց են թողել: Սա պարզապես ռեպրեսիա է:

- Եթե դուք ոչինչ չեք արել, սակայն ձեզ հետապնդում են, անհիմն կերպով բերման են ենթարկում, ապա ինչո՞ւ համապատասխան քայլեր չեք ձեռնարկում:

- Եթե պետք է Մարիամ Փաշինյանին թարս նայելը կամ նրա հետ նույն խանութում գտնվելը դառնա ռեպրեսիայի առիթ, ապա էլ ասելու ոչինչ չկա, բայց դրանից ավելի ոչինչ չի եղել: Մենք պատրաստվում ենք որոշակի քայլերի դիմել, սակայն ես այդ մասին չեմ խոսի հիմա: Այս պահին նման պրոցես կա: Ուղղակի չենք կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում:

- Մարիամը թիկնապահների հե՞տ էր:

- Այո, թիկնապահների հետ էր, անգամ չենք էլ նայել նորմալ:

- Երբ Մարիամը ձեզ նկարահանում էր, չհարցրի՞ք, թե ինչու է նկարում:

- Չէ, մենք բավականին հեռու էինք:

- Ձեր ընկերը` Վլադիմիրը, որին բերման էին ենթարկել, այժմ տա՞նն է:

- Այո, նա հիմա տանն է, չկա ոչ մի մեղադրանք: Նա 18 տարեկան է: Ի՞նչ պետք է արած լիներ երիտասարդը: Իրավապահները նշել են, թե ապօրինի զենք եւ զինամթերք են փնտրում վերջինիս մոտ:

- Այսինքն` զենք ու զինամթերք փնտրելու պատրվակով են նրան բերման ենթարկել:

- Այո, այդ կասկածանքով:

- Իսկ այսօր Ձեզ հետեւո՞ւմ են, թե՞ «օպերացիան» ավարտված է:

- Այո, այս պահին էլ, հիմա հետեւում են, երեկ գիշերն էլ էին հետեւում:

- Ի՞նչ մեքենաներով են հետեւում:

- Սովորական մեքենաներով, սակայն իրենք տարբերվում են: Չի կարող նույն մարդն անընդհատ պատահմամբ հանդիպել ինձ ե՛ւ Թումանյան, ե՛ւ Բաղրամյան, ե՛ւ Սայաթ-Նովայի փողոցում:

- Չե՞ք փորձում մեքենայից իջնել եւ հարցնել, թե ինչու են Ձեզ հետապնդում:

- Այս պահին՝ ոչ: Մինչեւ երեկ տեղի ունեցած դեպքը, երբ Վլադիմիրին բերման ենթարկեցին, չէինք հասկանում, թե ինչ է կատարվում: Հիմա ամեն ինչ ակնհայտ է: Վլադիմիրին երեկ Բաղրամյան պողոտայում կանաչ համազգեստով անձինք բերման ենթարկեցին, ուշագրավ է, որ նրա հետ բերման է ենթարկվել նաեւ տաքսու վարորդը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել