Շիրակի ՔՊ-ական մարզպետ Նազելի Բաղդասարյանին օրերս հարցրել էինք, թե ինչպես է վերաբերվում իր մոտալուտ պաշտոնանկության մասին տարածված խոսակցություններին։ «Նման ասեկոսեներ շրջանառվում են նշանակված օրվանից։ Բոլոր հնարավոր երկրներում դեսպան կարգեցին։ Բայց նման խնդիր չկա, ուստի մեկնաբանելու հարց չկա»,- պատասխանել էր մարզպետը։ 

Դեսպան նշանակվելու մասին խոսակցությունն այսօր էլ արդիական է։ Ըստ լուրերի, Նազելիին հնարավոր է ուղարկեն Հունաստան` դեսպան աշխատելու։ Չնայած Նազելի Բաղդասարյանն իր ազատման լուրերին լուրջ չի վերաբերվում, այնուամենայնիվ, նա օրերս ընդարձակ կազմով տարեվերջյան ճոխ նիստ անցկացրեց, որի ժամանակ մանրամասն ներկայացրեց, թե ինքն ինչ լավ է աշխատել 2022 թվականին, ինչքան կարեւորում է կոռուպցիայի եմ պայքարը, ինչ շատ որոշումներ է ընդունել, ինչ ցնցող արդյունքներ ունի։

Ի դեպ, նիստն անցկացվել է Գյումրու «Արագած» մարզամշակութային կենտրոնում՝ առաջվա տեքստիլ ֆաբրիկայի ակումբում, որի վերանորոգման համար դեռ Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք մարզային ներդրումային ծրագրերի շրջանակներում տրամադրվել էր 100 մլն դրամ սուբսիդավորված վարկ: Գործարար ծրագրի շրջանակներում նախատեսվում էր հիմնանորոգել նախկին տեքստիլագործների ակումբը, կառուցել համերգային եւ կոնֆերանս դահլիճներ, ֆիթնես կենտրոն: Աշխատանքները պետք է մեկնարկեին 2018-ի առաջին կիսամյակում: 

Բայց նորացվել է միայն շենքի այն հատվածը, որտեղ հյուրատուն է, իսկ դահլիճը նույն տեսքն ունի, ինչ նախկինների ժամանակ, եւ անգամ աթոռները դահլիճում չեն թարմացրել։ Դրանք «թաքուբիր» են եղել դրված, եւ դատարկ տեղերը լրացնելու համար, ինչպես պատմում են գյումրեցիները, դրամատիկական թատրոնի աթոռների մի մասը բերվել է «Արագած» կենտրոն։ Դա է պատճառը, որ Նազելի Բաղդասարյանի տարեվերջյան հաշվետու նիստի ժամանակ մարզի մեծ ու փոքր պաշտոնյաների մի մասը կարմիր աթոռներին էր նստած, մյուսը՝ դեղին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել