Armenpress.am-ը գրում է.

ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում նույն մարզի Նոր Խարբերդ համայնքում տեղակայված խանութում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, 2022 թվականի դեկտեմբերի 25-ին ժամը 16:25-ին քաղաքացին ահազանգել է ՀՀ ոստիկանություն և հայտնել, որ Նոր Խարբերդ համայնքի շենքերից մեկի մոտ նռնակով հարձակվել են իր որդու վրա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, որտեղ նկատել են նույն համայնքի 35-ամյա բնակչի, ում ձեռքին եղել է նռնակ: Բանակցության արդյունքում տղամարդը մարտական նռնակը հանձնել է ՀՀ ոստիկանության աշխատակիցներին և տեղափոխվել Ոստիկանության բաժին:

Նախնական տվյալներով, նույն օրը ժամը 16:15-ի սահմաններում  նշված հագուստի խանութի 35-ամյա  նախկին սեփականատերը նռնակը ձեռքին մտել է խանութ, սպառնացել, որ այն կպայթեցնի և պահանջել վերոհիշյալ քաղաքացու որդուն  խանութից դուրս գալ: Վերջինս  անմիջապես հեռացել է, որից հետո լսվել է պայթյունի ձայն:

Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ հիշյալ խանութի պատուհանների ապակիները կոտրված են, պատերի վրա առկա են պայթյունի հետևանքով առաջացած վնասվածքներ: Հայտնաբերվել և վերցվել են նռնակի բեկորներ:

Հարցաքննվել են դեպքին ականատես մի շարք անձինք:

Նույն օրը հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով 35-ամյա տղամարդը ձերբակալվել է:

 Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ տեղի ունեցածի պատճառները և վարույթի համար էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներն ամբողջությամբ պարզելու, լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել