Armenpress.am-ը գրում է.

Ձկնաբուծարաններում գրանցված ձկների անկման դեպքերը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում են: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշեց, որ կատարել են համապատասխան ուսումնասիրություններ: Ինքն անձամբ է որոշ տնտեսություններում ստուգայց կատարել:

««Ֆեյսբուք»-ի տիրույթում ձկնաբուծարաններում ձկների անկման հետ կապված  Խուճապ տարածվեց: Մենք խնդրից տեղյակ ենք, ուսումնասիրություններ կատարում ենք: Ուրբաթ, շաբաթ օրերին 20 տնտեսություն եմ այցելել և ծանոթացել իրավիճակին, խուճապի որևէ խնդիր չկա: Մենք գիտենք ինչ հիվանդությունից է անկումը, և այն հիվանդությունը, որը հայտնաբերել ենք, մարդկանց  համար բացարձակ անվնաս է: Վերահսկողությունը կա, այո, եղել են անկումներ, սակայն արդեն դրանք նվազում են»,-ասաց Գեորգի Ավետիսյանը:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի  ղեկավարը նշեց, որ ձկնաբուծության ոլորտն իրենց ուշադրության կենտրոնում է: Կատարել են մոտ 85 ստուգումներ և մշտադիտարկումներ, լաբորատոր հետազոտություններ:

«Ամեն տարի կատարում ենք մոնիթորինգ ձկան մսի մեջ մնացորդային նյութեր հայտնաբերելու ուղղությամբ: Այդ տվյալներն ուղարկում ենք ԵՄ, որ կարողանանք ԵՄ շուկան նաև բացել մեր տնտեսվարողների համար: Ասեմ, որ ուսումնասիրության արդյունքները ոգևորիչ են, բավականին լավ տվյալներ ենք ստացել»,- հավելեց Գեորգի Ավետիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել